27 Փտր
2025
2.1° c ԵՐԵՎԱՆ
-4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը վատթարացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ հենց այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ դարձավ բրիտանացի ստրատեգներին. EADaily

Ադրբեջանը վատթարացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ հենց այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ դարձավ բրիտանացի ստրատեգներին. EADaily

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին, որն առաջացել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետևանքով, հատուկ ռազմական գործողության մեկնարկի երրորդ տարելիցին մոտ, պաշտոնական Բաքուն և անդրկովկասյան երկրի բնակիչները սկսել են անառողջ հետաքրքրություն ցուցաբերել Ուկրաինայի և անվտանգության հարցերի նկատմամբ․ գրել է EADaily-ին:

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ուկրաինայի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միշչենկոյի հանդիպումը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նրանք քննարկել են ընթացիկ օրակարգի արդիական հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների շուրջ։ Միևնույն ժամանակ, ըստ ադրբեջանական աղբյուրների, բանակցությունների մասնակիցները «ընդգծել են երկու երկրների մշտական ​​դրսևորած դիրքորոշման կարևորությունը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկրների հարաբերությունների վերաբերյալ»:

Ընդգծվել է, որ այս անմեղ թվացող ձևակերպման հետևում թաքնված է մեծ քաղաքականությունը։ Ադրբեջանի տարածքային խնդիրները կապված էին ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի հետ չլուծված հարաբերությունների հետ։ 2020-2023 թթ. իրադարձությունների արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները հայտնվել են Ադրբեջանի կազմում, իսկ 2024 թվականին Բաքվի և Մոսկվայի պայմանավորվածությունների արդյունքում՝ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքել են անդրկովկասյան երկրի տարածքը։ Ի վերջո, 2024-ին Երևանն ու Բաքուն սկսել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը։

«Ինչո՞ւ է Ադրբեջանը, որը հասել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և սկսել է սահմանազատումը, այդքան կարևորում Ուկրաինայի քաղաքական և դիվանագիտական ​​աջակցությունը։ Արդյոք պաշտոնական Բաքուն չի՞ ցանկանում հայտարարել, որ միտումնավոր ցույց է տալիս Մոսկվային, որ չի ճանաչում Սևաստոպոլի, Ղրիմի, ԿԺԴՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժժիայի և Խերսոնի շրջանները որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ», – հարցադրել է կայքը:

Պաշտոնական Բաքվի համար էլ ավելի շատ հարցեր են ծագում՝ կապված Միշչենկոյի հետ Բայրամովի բանակցությունների մանրամասների հետ, որոնց մասին սոցիալական ցանցում հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը. «Ուկրաինան և Ադրբեջանը ամրապնդում են ռազմավարական կապերը: Անվտանգության, էներգետիկայի և դիվանագիտության հարցերի շուրջ բարձր մակարդակի հանդիպումներ և քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել։ Մենք երախտապարտ ենք Ադրբեջանին մարդասիրական օգնության և շարունակական աջակցության համար»: Բայց, բացի պաշտոնական մակարդակով շփումներից, կան փոխգործակցության այլ ոլորտներ, օրինակ՝ լրատվամիջոցները:

Տարօրինակ զուգադիպությամբ փետրվարի 15-ին YouTube-ում հրապարակվել է haqqin.az կայքի հիմնադիր լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևի և Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխության» Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլևի հարցազրույցը։ Իսկ փետրվարի 18-ին YouTube-ում հրապարակվել է Ֆաթուլաևի և Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի հարցազրույցը։ Սակայն այն փաստը, որ հարցազրույցները հայտնվել են հենց Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում լարվածության պահին, ակնհայտորեն պատահական չէր։ Ադրբեջանում հատուկ ռազմական գործողության հենց սկզբից առանձնապես չէին թաքցնում, որ կցանկանային, որ Ռուսաստանը գոնե մարտի դաշտում պարտություն կրեր։

Ամփոփելով՝ EADaily-ին եկել է պարադոքսալ եզրակացության. նույնիսկ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումից հետո և մինչ Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարը, Ադրբեջանում տիրում էր անբարյացակամ վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ։ Ակնհայտ է, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա պաշտոնական Բաքուն իր համար ավելի առաջնահերթ ու խոստումնալից տարբերակ է համարում Թյուրքական պետությունների կազմակերպությունը, «Զանգեզուրի միջանցքը» և Մառախլապատ Ալբիոնի հետ սերտ հարաբերությունները, քան Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցությունը կամ Հյուսիս-Հարավ միջանցքը։

«Ի վերջո, չգիտես ինչու, հենց Մեծ Բրիտանիայի դեսպանատունն է ողջունել փետրվարի 7-ին Ադրբեջանից մարդասիրական օգնության ուղարկումը Ուկրաինա։ Իսկ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի առևտրի պալատի նախագահ Ջոն Պատերսոնը փետրվարի 25-ին տված հարցազրույցում նշել է, որ Անդրկովկասյան հանրապետությունում գրանցված է մոտ 400 բրիտանական ընկերություն։ Ակնհայտ է, որ Մեծ Բրիտանիան, ձգտելով շարունակել առճակատումը Ռուսաստանի հետ, փորձում է դա անել ոչ միայն ուկրաինական զինված ուժերի գրոհայինների և Զելենսկու միջոցով, այլ նաև՝ Ադրբեջանի օգնությամբ, որը վատթարացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ հենց այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ դարձավ բրիտանացի ստրատեգներին», – գրել է կայքը։