
Ի՞նչ անել Ռուբեն Վարդանյանին և գերիներին օգնելու համար․ Աբրահամ Գասպարյանը լուծումներ է առաջարկում
Բաքվում պահվող հայ գերիներին օգնելու համար համահայկական լուրջ արշավ պիտի լինի, որը պահանջում է հսկայական ջանք ու հետևողականություն․ «Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հեղինակային հաղորդաշարի եթերում ասել է քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։
«Իշխանության վրա հույս դնելն անիմաստ է: Թերևս միակ ճնշումը կլինի փողոցը, որով կպարտադրենք դադարեցնել Ադրբեջանի հետ ցանկացած բանակցություն կամ երկխոսություն՝ մինչև չբարելավվեն բանտարկյալ տղերքի պայմանները և հնարավորություն չստեղծվի նրանց արդար դատավարության, որի հարցում խիստ թերահավատ եմ: Համահայկական այդ արշավի գլխին պիտի կանգնեն Հայաստանում և Սփյուռքում ռեսուրս, մարդկային մոբիլիզացիա ապահովել կարողացող, միջազգային կապեր ունեցող քաղաքական միավորներն ու եկեղեցին՝ իր նվիրապետական աթոռներով: Չպե՛տք է լուսանցքում թողել Հայ կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներին: Պիտի կարողանանք ապահովել Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի ակտիվ միջնորդությունը և օգտագործենք քրիստոնեա-իսլամ երկխոսության բոլոր հարթակները»,-ասել է Գասպարյանը:
Նա նշել է, որ այս ամենին զուգահեռ պետք է հստակ պահանջներ ձևակերպենք աշխարհին և հետամուտ լինենք դրանց իրականացմանը։
Աբրահամ Գասպարյանի առաջարկած կետերը ներկայացնում ենք ստորև․
- Զինամթերքի և ռազմական տեխնիկայի մատակարարման արգելք՝ հատկապես Արևմուտքի երկրներից,
- Ֆինանսական պատժամիջոցներ՝ Ադրբեջանի պետական բանկերի, խոշոր ընկերությունների նկատմամբ,
- Միջազգային դատական հայցեր՝ խոշտանգումների, պատերազմի հանցագործությունների ու ցեղասպանական քաղաքականության հիմքով,
- ԵՄ-ի հետ էներգետիկ գործակցության վերանայում, քանի որ Ադրբեջանը 2022-ից մեծացնում է գազի արտահանումը դեպի Եվրոպա՝ ՌԴ-ից կախվածությունն իբր նվազեցնելու նպատակով:
«Պահանջները բավականին ընդգրկուն են, իրատեսական են, բայց ոսկերչական բծախնդրություն է անհրաժեշտ, կառավարչական-կազմակերպչական մեծ աշխատանք, որի դեպքում, կարծում եմ, կհասնենք հաջողության»,-ասել է քաղաքագետը: