
«Իրական Հայաստան»՝ միակ ճանապարհը, որով Փաշինյանը կարող է վերընտրվել 2026 թ-ի խորհրդարանական ընտրություններում․ իտալական պարբերական
Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին դիմել է «գաղափարական ուղերձով»։ Անցյալ տարվա սկզբից նա առաջ է քաշում երկրի ապագայի սեփական տեսլականը, որը կներկայացնի հայկական ավանդական մտածողության գրեթե ամբողջական վերանայում 1991 թվականին անկախության հռչակումից ի վեր․ գրում է իտալական Osservatorio Balcani e Caucaso Transeuropa–ն:
Փաշինյանի քննադատները, սակայն, պնդում են, որ երկիրը «պատմական Հայաստանից» «իրական Հայաստանի» վերածելու նրա ծրագրերը ծառայում են այլ նպատակների․ նա փորձում է պատմությունը վերաշարադրել այնպես, որ ազատվի 2020-ին Ադրբեջանի հետ պատերազմում պարտվելու համար քննադատությունից։Ինչպես ընդգծվել է, դա կարող է լինել նաև միակ ճանապարհը, որով նա կարող է վերընտրվել 2026 թվականի կեսերին նշանակված խորհրդարանական ընտրություններում:
Մեկ ժամ տևած ուղերձում Փաշինյանը ուրվագծել է 14 առանցքային կետեր՝ «իրական Հայաստանի» շրջանակային հայեցակարգում։ Միևնույն ժամանակ, Երևանն ու Բաքուն շարունակում են բանակցել հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ համաձայնագրի շուրջ, ինչի հետևանքով՝ ընդդիմությունը նրան մեղադրում է միակողմանի զիջումների մեջ, հատկապես երկրի Սահմանադրության փոփոխության առումով։
«Այնուամենայնիվ, 2018-ին իշխանության գալուց ի վեր Փաշինյանը ծրագրել է փոխել Սահմանադրությունը։ Համաճարակն ու պատերազմը խանգարեցին նրան դա անել», – գրել է կայքը։
Զարմանալի չէ, որ նրա գլխավոր քննադատողներից մեկը՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Փաշինյանի գործողությունները որակել է որպես «անգործունակության, պարտվողականության, Հայաստանի արժանապատվության դավաճանության դատարկ պատրվակ»։ Հոդվածում նշվել է, որ նոր սահմանադրություն ընդունելը, սակայն, հեշտ չի լինելու։
Դա անելու համար անհրաժեշտ կլինի քվեարկությանն ապահովել նվազագույն մասնակցություն, ինչպես նաև ստանալ ընտրողների մեծամասնության աջակցությունը: Փաշինյանի ընտրական ժողովրդականությունն այս պահին կազմում է 11 տոկոս՝ հունվարին անցկացված հարցման համաձայն։ Այնուամենայնիվ, եթե Փաշինյանը կարողանա կատարել Ադրբեջանի հետ «խաղաղության օրակարգը» իրականացնելու իր խոստումը, որը խոստացել էր 2021 թվականի արտահերթ ընտրություններում, ինչպես նաև Արևմուտքի հետ աճող կապերը ներկայացնել որպես մեծ հաջողություն, ապա նրա պոպուլիզմը կարող է արդյունավետ լինել։ «Թեև արդյունքը մնում է անորոշ, սակայն երկրի ապագայի վերաբերյալ շատ անհրաժեշտ և աննախադեպ քննարկում է սկսվել, և առաջիկա ամիսները, հավանաբար, ավելի կարևոր կլինեն, քան նախկինում», – եզրափակել է կայքը: