28 Փտր
2025
3.4° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը ոչ մի ապացույց չի ներկայացրել Վարդանյանին վերագրվող մեղադրանքները հիմնավորելու համար. ռուս փաստաբան

Ադրբեջանը ոչ մի ապացույց չի ներկայացրել Վարդանյանին վերագրվող մեղադրանքները հիմնավորելու համար. ռուս փաստաբան

Ադրբեջանը որևէ ապացույց չի ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին վերագրվող հանցագործությունների մեղադրանքները հիմնավորելու համար․ գրել է փաստաբան և բլոգեր Իլյա Ռեմեսլոն։

«Շարունակում եմ հետևել Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը», ով այժմ իրական վտանգի մեջ է: Դատելով նիստերի դահլիճից արված լուսանկարներից՝ սա չափազանցություն չէ»,- գրել է փաստաբանը՝ Telegram-ի իր ալիքում։

Փետրվարի 19-ին Բաքվի զինվորական դատարանում կայացած լսումների ժամանակ բարերարը բողոք է հայտնել «այն աբսուրդի թատրոնի դեմ, որն Ադրբեջանի ջանքերով վերածվել է դատավարության»։

Ըստ Վարդանյանի՝ ի դեմս իրեն՝ պաշտոնական Բաքուն դատում է Հայաստանի ողջ ժողովրդին, աշխարհի բոլոր հայերին։ Բաց դատավարության հասնելու և իր իրավունքների ոտնահարման դեմ բողոքելու համար բարերարը հացադուլ է հայտարարել, որը նա անցկացնում է մեկ շաբաթից ավելի։

«Ուտելուց հրաժարվելը կանխատեսելիորեն ազդել է ամբաստանյալի առողջության վրա: Վարդանյանն այժմ ունի արյան բարձր ճնշում։ Նա շտապ հոսպիտալացման կարիք ունի։ Բայց բարերարին հիվանդանոցի փոխարեն կրկին դատարան են բերել (հնարավո՞ր է նման վիճակում մարդուն դահլիճ բերել), և նիստն ընթացել է սովորականի պես։ Սակայն ավելի ցնցող են վերջին դատական ​​նիստի լուսանկարները։ Խոսքն անգամ հացադուլի մասին չէ. ինչո՞ւ այս հյուծված տղամարդն այնպիսի տեսք ունի, ասես Բաքվի քննչական մեկուսարանում ենթարկվել է ծեծի և խոշտանգումների: Հիմա այս հարցերին ոչ ոք չի պատասխանի։ Առայժմ մի բան է ակնհայտ. Ադրբեջանը ոչ մի ապացույց չի ներկայացրել Վարդանյանին վերագրվող հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքները հիմնավորելու համար»,- գրել է Ռեմեսլոն:

Վարդանյանի գործը բաղկացած է 422 ադրբեջաներեն հատորից, թեև միայն վեց հատորն է ուղղակիորեն վերաբերում նրան. մնացածը մանրամասն նկարագրում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը՝ սկսած 1987թ.-ից (ապագա բարերարն այն ժամանակ 19 տարեկան էր, նա Մոսկվայի պետական ​​համալսարանի ուսանող էր և ապրում էր Մոսկվայում):