
Ալիևի ու Փաշինյանի SMS-ներին չենք ուզում ծանոթանալ, այլ ժողովրդի թիկունքում կնքվող «խաղաղության պայմանագրին». պատգամավորները դատի են տվել ԱԳՆ-ին
Այսօր վարչական դատարանում սկսվել է ՀՀ ԱԳՆ–ի դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի և Արթուր Խաչատրյանի բողոքի քննությունը։
«Մեզ արգելում են ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող «խաղաղության պայմանագիր» անունը ստացած փաստաթղթի բովանդակությանը։ Մինչդեռ Փաշինյանը դռնփակ նիստ է իրականացնում ՔՊ–ականների հետ, ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ հայտնում, որից հետո հենց իրենց ներսից է արտահոսք լինում։ Խոսքը Աղազարյանի մասին է, որ ամիսներ առաջ դուրս հանվեց խմբակցությունից։ Հարգարժան դատարան, պատգամավորների միջև չպետք է տարբերություն դրվի, նրանք հավասար են, հետևաբար կարող ենք մենք ևս տեղեկանալ պայմանագրի բովանդակությունից»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Դատավոր Ռոբերտ Մաքեյանի «դատական պաշտպանությունը այս գործում անհրաժե՞շտ եք համարում» հարցին Գեղամ Մանուկյանն ու մյուս պատգամավորները դրական են պատասխանել։ «Մենք Ալիևի և Փաշինյանի միջև SMS-ներին չենք ուզում ծանոթանալ, այլ ժողովրդի թիկունքում տեղի ունեցող գործողություններին, որը կոչել են «խաղաղության պայմանագիրը»»,- դատավարության ընթացքում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։