
«Դատավարություն Բաքվում. ինչի՞ կհանգեցնի վրեժխնդրության ցանկությունը». Լազարյան ակումբի հայտարարությունը
ԱՊՀ երկրների ինստիտուտի Երևանյան մասնաճյուղը և միջազգային «Լազարև ակումբը» համատեղ կլոր սեղան են անցկացրել «Դատավարություն Բաքվում. ինչի՞ կհանգեցնի վրեժխնդրության ցանկությունը» թեմայով:
Հանդիպումը նվիրված է եղել հունվարի 17-ին Բաքվում սկսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարների, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԼՂՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլոց, շինծու դատավարությանը։
«Ռուս և հայ քաղաքական, հասարակական գործիչներ և փորձագետներ իրենց դիրքորոշումն են արտահայտել Բաքվի անօրինական դատավարության վերաբերյալ, մատնանշել մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումները և գնահատել Ադրբեջանի ղեկավարության գործողությունները համաշխարհային հարթակում։ Հավաքվածները կտրուկ դատապարտել են պաշտոնական Բաքվի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության նկատմամբ և դատավարությունն անվանել հաշվեհարդար։ Բանախոսները նշել են, որ Բաքվի գործընթացը բացառապես քաղաքականացված բնույթ է կրում և ադրբեջանական իշխանությունների անձնական հաշվեհարդարի գործողություն է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ապօրինի ձերբակալված ներկայացուցիչների, այլև՝ ողջ հայության դեմ»,- նշվել է Լազարև ակումբի հայտարարության մեջ։
Ինչպես ընդգծել են մասնակիցները, «այս դատավարությունն ուղեկցվում է Բաքվի իշխանությունների ծաղրով այն ամենի նկատմամբ, ինչ թանկ է արցախցիներին՝ սկսած պատմությունը վերաշարադրելու փորձերից, որտեղ հայերի համար տեղ չկա Կովկասում, մինչև ԼՂՀ-ում շենքերի ու մշակութային հուշարձանների ոչնչացումը, ինչպես նաև հազարամյա հայկական եկեղեցիների վերանվանումը ալբանականի»։
Կլոր սեղանի ընթացքում մի շարք մասնակիցներ անհամաձայնություն են հայտնել Հայաստանի իշխանությունների դիրքորոշման հետ, որոնք, իրենց կարծիքով, անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում Բաքվում ապօրինի ձերբակալված ՀՀ քաղաքացիներին ազատ արձակելու համար։
«Մի շարք բանախոսներ ընդգծել են, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ, ում ինքնորոշման օրինական իրավունքը խախտվել է ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, պետք է որակվեն որպես ցեղասպանություն։ Նման քաղաքականությունը պահանջում է միջազգային դատապարտում և պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ կատարված հանցավոր գործողությունների համար»,- նշվել է հայտարարության մեջ։
Հավաքվածները համակարծիք են եղել, որ Բաքվում գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիներին արագ ազատ արձակելու համար անհրաժեշտ է մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի ղեկավարության վրա, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ղեկավարության ուշադրությունը հրավիրելով, որոնց թվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպություններ և կառույցներ։Քննարկման ընթացքում նշվել են այն առանցքային հարցերը, որոնք ենթակա են լուծման Բաքվի բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ հետագա գործողությունների համար: Մասնավորապես, արդյոք Ադրբեջանն իրավունք ունի դատելու պահվող հայ քաղաքացիներին, ինչպիսին է տվյալ դատավարության բնույթը և դատվող հայերի պաշտպանության ապահովման աստիճանը, հայ քաղաքացիների դեմ առաջադրված մեղադրանքներում խոցելի տեղերի բացահայտումը, կազմակերպության ընտրությունը կամ ստեղծումը, որն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Ադրբեջանի ղեկավարության վրա ազդելու և հայ գերիներին հետագայում ազատ արձակելու համար:
Մասնակիցները որոշել են շարունակել ջանքերը Բաքվի անօրինական դատավարության
առավելագույն հրապարակայնությունն ապահովելու համար և նշել, որ բանտարկյալների ազատ արձակման նպատակին հասնելու համար անհրաժեշտ է միավորել հասարակական կազմակերպությունների, տարբեր երկրներում հայկական սփյուռքի և բոլոր հոգատար մարդկանց ջանքերը, որոնց համար մարդկային կյանքի և արդարության արժեքները կասկածից վեր են։