
Աշակերտն ինքն է թռել պատուհանից, համակարգչային խաղերից կախում ունի․ դպրոցի տնօրեն
Ջրվեժի միջնակարգ դպրոցի 7–րդ դասարանի աշակերտը 3-րդ հարկի պատուհանից ցած է նետվել, իրեն ոչ հրել են, ոչ նեղացրել․ ABC media–ի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Լիլիթ Վարդանյանը։
«Կյանքին վտանգ չի սպառնում, ոտքն է կոտրվել, ճակատին պատռվածքներ կան, ձյան մեջ է թռել։ Արդեն գիտակցության է եկել, որ հարցնում ենք՝ ինչո՞ւ է թռել, ասում է՝ կներեք, չգիտեմ»,-ասել է Վարդանյանը։
Ըստ տնօրենի՝ երեխան դպրոցում խնդիրներ չի ունեցել։
«Ուսուցիչն աշակերտներին ասել է՝ փակեք պատուհանը, տղաները մոտեցել են պատուհանին, նրանցից մեկը կանգնել է պատուհանագոգին, երբ ուսուցիչն ասել է, որ նման կատակներ չի կարելի անել, տղան թռել է»,-ասել է տնօրենը։
Տնօրենի՝ խոսքով՝ աշակերտը կախում է ունեցել համակարգչային խաղերից։ Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցում աշակերտներից մեկը պատուհանից ընկել է ցած։