
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել լրագրողներին պաշտպանելու համար
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել լրագրողներին՝ աշխատանքի հետ կապված հարձակումներից, սպառնալիքներից և ոտնձգություններից։
Նախարարների կոմիտեն իր եռամսյակային հանդիպման ժամանակ միջանկյալ բանաձև է ընդունել «Խադիջա Իսմայիլովայի գործերի խմբի» վերաբերյալ՝ վերահսկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը: Այս գործերը վերաբերում են Ադրբեջանի կողմից հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի և և երկու այլ դիմողների անձնական կյանքի և խոսքի ազատության իրավունքների պաշտպանությանը:
Կոմիտեն ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել, որ Իսմայիլովայի կարողանա իր աշխատանքը կատարել առանց ոտնձգությունների կամ խոչընդոտների: Ընդհանուր առմամբ՝ Նախարարների կոմիտեն Ադրբեջանին հորդորել է արդյունավետ միջոցներ ձեռնարկել լրագրողների պաշտպանության համար:
Բացի այդ՝ Կոմիտեն կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ԶԼՄ–ների մասին օրենքը Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Նախարարների կոմիտեն խստորեն կոչ է արել իշխանություններին համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ՝ այս հարցերում առաջընթացի հասնելու համար: Կոմիտեն Ադրբեջանին խնդրել է մինչև 2025 թվականի հունիսի վերջը ներկայացնել նորացված գործողությունների ծրագիր։