
Թnւրք լրագրողները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար ՀՀ են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀՀ բյուջեի հաշվին. Tert.am
Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանաել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
«Նախաձեռնությունը մերն է, եղել է 10 լրատվամիջոց, նպատակը որպես այդպիսին Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրիքա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»,- ասել է նա։
Ճշտող հարցին՝ ի՞նչ ասել է նախաձեռնությունը մերն է, ինչպե՞ս են դիմել, նա ասաց. «Նախաձեռնությունը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից է եղել: Փորձել ենք գտնել ամենաազդեցիկ լրատվամիջոցների, դիմել ենք խմբագրություններին և ուղարկել են համապատասխան լրագրողների:
Այցի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ ու քննարկումներ են ունեցել վարչապետի, մի շարք այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ»:
Նրա խոսքով՝ հրավիրվել են և՛ պետական, և՛ մասնավոր, և՛ ավելի պրոիշխանական, և՛ ընդդիմադիր լրատվամիջոցներ:
Հարցին էլ՝ ո՞ւմ դիմել են, բոլորը եկե՞լ են, թե մերժողներ էլ են եղել, Գոռ Ծառուկյանն ասաց, որ բոլորը եկել են:
«Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այստեղ են եկել ՀՀ պետական բյուջեի միջոցներով և այստեղ են մնալու երեք օր, վաղն արդեն կմեկնեն»,- նշել է նա։