
ԵՄ հատուկ ներկայացուցիչն Անկարայում ընդգծել է Հարավային Կովկասում կայունության անվտանգության կարևորությունը
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Անկարայում բանակցություններ է վարել Հարավային Կովկասի վերաբերյալ։ Նա դրական է գնահատել այցը Անկարա։
«Մենք դրական ավարտեցինք մեր այցը Անկարա։ Ես երախտապարտ եմ մեր թուրք գործընկերներին Հարավային Կովկասի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքերի բաց և կառուցողական փոխանակման համար, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, Վրաստանում հակամարտության և Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ», – ընդգծել է դիվանագետը։
Նա նշել է, որ այցի ընթացքում քննարկվել են նաև կապերի և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, որոնք կարող են օգուտ բերել Հարավային Կովկասի երկրներին, Թուրքիային, Կենտրոնական Ասիայի և ԵՄ–ին։
«Աճող գլոբալ մարտահրավերների համատեքստում կարևոր է կրկնապատկել ջանքերը՝ խթանելու տարածաշրջանային կայունությունը, անվտանգությունը և կայուն խաղաղությունը», – հայտարարել է Գրոնոն: