
Հանկարծակի բեկում ընդհատվող և հաճախ դառը խաղաղության գործընթացում՝ ՀՀ-ի կողմից խոշոր զիջումների շնորհիվ․ միջազգային մամուլի ամփոփում
Հայ և ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը, որը վերջ կդնի Հարավային Կովկասի երկրների միջև շուրջ չորս տասնամյակ տևած հակամարտություններին, ինչը հանկարծակի բեկում է ընդհատվող և հաճախ դառը խաղաղության գործընթացում․ գրել է Reuters-ը:
Նշվել է, որ երկու հետխորհրդային երկրները մի շարք պատերազմներ են մղել 1980-ականների վերջից ի վեր։ Ինչպես ընդգծվել է, մինչև 2023 թվականը ԼՂ-ի 100,000 բնակիչները հիմնականում էթնիկ հայեր էին։ 2022 թվականին ադրբեջանական զինուժը փակել է Ղարաբաղ տանող միակ ճանապարհը՝ այդ տարածքում սննդամթերքի և վառելիքի սուր դեֆիցիտ առաջացնելով։ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը հարձակում են սկսել Ղարաբաղից մնացած հատվածի վրա, իսկ տեղի բնակչությունը գրեթե ամբողջությամբ փախել է Հայաստան։
Չնայած Հայաստանը 2024 թվականին հանձնել է որոշ տարածքներ, վերջնական համաձայնագրի առաջընթացը դանդաղ էր, և երկու կողմերն էլ միմյանց մեղադրում էին բանակցությունները փակուղի տանելու մեջ: Politico– ն գրել է, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի վերջին երկու կետերը խաղաղ համաձայնագրում, Բաքուն մի քանի պաշտոնական պահանջներ է դրել, որոնք Հայաստանը պետք է կատարի նախքան գործարքի ստորագրումը: Որպես հաջորդ քայլ, Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրությունը և կհամաձայնի լուծարել Մինսկի խումբը։
Ինչպես ընդգծել է թերթն, այս պահանջների կատարումը կարող է որոշ ժամանակ պահանջել՝ հաշվի առնելով, որ Սահմանադրության փոփոխությունը պահանջում է հանրաքվեի անցկացում: Այդուհանդերձ, դիտորդները ողջունել են համաձայնագիրը՝ որպես խաղաղության հասնելու զգալի առաջընթաց: France24-ն ընդգծել է, որ թեև խաղաղության շուրջ բազմաթիվ բանակցություններ անցյալում ձախողվել են, Հայաստանի կողմից խոշոր զիջումները նոր շունչ են հաղորդում հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Հիշեցվել է նաև, որ հակամարտության հետ կապված լարվածությունը նաև սեպ է խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև, և Երևանը մեղադրում է իր դաշնակցին՝ իրեն աջակցելու համար բավարար ջանքեր չգործելու մեջ: Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրամիությունը տարբեր ժամանակներում փորձել են միջնորդի դեր խաղալ հակամարտության մեջ:
Թեման լայնորեն արձագանք է ստացել նաև այլ հեղինակավոր լրատվամիջոցներում, ինչպիսիք են CNN-ը, Al Jazeera-ն, The Guardian-ը, The Jerusalem Post-ը, Deutsche Welle-ն և այլն։