
ՀՀ-ում կոռուպցիան շարունակում է խաթարել ավելի աշխույժ տնտեսական զարգացման հնարավորությունները․ Heritage Foundation
Համաձայն Վաշինգտոնում գործող Heritage Foundation վերլուծական կենտրոնի վերջին վարկանիշի՝ Վրաստանն ունի Եվրասիայի բոլոր երկրներից լավագույն բիզնես միջավայրը։ Heritage Foundation-ի 2025 թվականի տնտեսական ազատության ինդեքսը դասակարգել է Վրաստանի բիզնես միջավայրը համարժեք է համարել Բելգիայում առկա միջավայրին։ Միևնույն ժամանակ՝ նշվել է, որ Վրաստանի 2026 թվականի գնահատականը, հավանաբար, մեծ հարված կհասցնի երկրին, քանի որ «Վրացական երազանքի» կառավարությունը 2024 թվականի վերջին կտրուկ շրջադարձ է կատարել դեպի ավտորիտարիզմ՝ դադարեցնելով ԵՄ-ին միանալու երկրի ջանքերը: Կենտրոնը դասակարգել է հարցված 184 երկրներից յուրաքանչյուրը «12 տնտեսական ազատությունների» հիման վրա՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, կառավարության չափը, կարգավորող արդյունավետությունը և բաց շուկաները: Ըստ Heritage Foundation-ի՝ 2025 թվականի ինդեքսի երկրների միավորները արտացոլում են 2023 թվականի երկրորդ կիսամյակից մինչև 2024 թվականի առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածի տվյալները: Ինչ վերաբերում է Կովկասին և Կենտրոնական Ասիային, ապա Հայաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը միացել են Վրաստանին Heritage 2025 ինդեքսի վերին հատվածին։
Հայաստանի տնտեսական ազատության միավորը 65,4 է, ինչը նրա տնտեսությունը դարձնում է 57-րդ ամենաազատը 2025 թվականի տնտեսական ազատության ինդեքսում: Նրա վարկանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 0,5 կետով, և Հայաստանը Եվրոպայի տարածաշրջանի 44 երկրների մեջ 30-րդն է։ Երկրի տնտեսական ազատության միավորը բարձր է համաշխարհային միջինից, բայց ցածր է տարածաշրջանային միջինից: Հայաստանի տնտեսությունը 2025 թվականի ինդեքսով համարվում է «չափավոր ազատ»։ Ընդհանուր կարգավորող դաշտը մնում է արդյունավետ, և բաց շուկաներին աջակցող քաղաքականություններ կան: Հայաստանը համեմատաբար լավ է հանդես գալիս տնտեսական ազատության չորս հիմնասյուներում, սակայն տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում անկախ դատական համակարգի կողմից: Կոռուպցիան շարունակում է խաթարել ավելի աշխույժ տնտեսական զարգացման հնարավորությունները: Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտահանման շուկան է։Հայաստանը միացել է Ռուսաստանի Եվրասիական տնտեսական միությանը 2015 թվականին, իսկ 2017 թվականին ստորագրել է Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Զգալիորեն հետ են մնացել Կենտրոնական Ասիայի մնացած չորս պետությունները՝ Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի բիզնես միջավայրը մոտ է Տաջիկստանին: Ուզբեկստանը, որը հետամուտ է եղել բարեփոխումների բուռն կուրսին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու համար, միակ պետությունն էր երկու տարածաշրջաններում, որը զգալի բարելավել է իր վարկանիշը նախորդ տարվա համեմատ՝ 55,9-ից հասնելով 58-ի: Հարևան Թուրքիան 56,1 միավոր ունի, Ադրբեջանինը՝ 62,5, իսկ Իրանը՝ 42,5։