
Ադրբեջանի ՊՆ-ն մի քանի ժամում երրորդ անգամ կեղծ լուր է տարածել
Մի քանի ժամվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ն երրորդ ապատեղեկատվությունն է տարածում, թե իբր ՀՀ ԶՈւ-ն խախտել է հրադադարի ռեժիմը։ ՀՀ ՊՆ-ն հերքում է թշնամու տարածած կեղծ լուրերը։ Առավոտյան լուրեր տարածվեցին, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե մարտի 16-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Արդեն րոպեներ առաջ թշնամին երրորդ ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է բոլոր կեղծ լուրերը։