17 Մար
2025
12.3° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստանում գտնվող ուսումնամարզական բազա․ RT

ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստանում գտնվող ուսումնամարզական բազա․ RT

Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայում գտնվող իր բազաներից հարյուրավոր միավոր տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի ուսումնավարժարաններ։ RT-ի կողմից ուսումնասիրված փաստաթղթերի համաձայն՝ փոխադրումը նախատեսվում է իրականացնել Վրաստանի տարածքով։

Ըստ ԱՄՆ պետական գնումների պորտալի՝ ԱՄՆ բանակի նյութական հրամանատարությունը նախատեսում է տեխնիկա տեղափոխել Գերմանիայի «Դուլմենի» ռազմաբազայից Հայաստանի «Զառ» բազա։ Տրանսֆերը նախատեսված է հուլիսի 16-ին։ Սպասվում է, որ այն կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Տեխնիկայի վերադարձը Գերմանիա նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում։

Պայմանագրով նախատեսվում է նաև տեխնիկայի տեղափոխում Հայաստանի Արմավիրի պոլիգոնից մինչև վրացական Փոթի նավահանգիստ։ Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է տեղափոխել 151 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և մասնագիտացված կոնտեյներներ։ Պայմանագրի շրջանակներում Հայաստան կտեղափոխվի նաև շտապօգնության ութ մեքենա։ Սակայն մրցույթը ներառում է մի պայման՝ տեխնիկան չի կարող փոխադրվել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ «դիվանագիտական թույլտվությունների հետ կապված դժվարությունների պատճառով»։

Դուլմենում, որտեղից նախատեսվում է տեխնիկա տեղափոխել, տեղակայված են ԱՄՆ բանակի 405-րդ դաշտային աջակցության բրիգադի ստորաբաժանումները։ Ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը RT-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում ամերիկյան զորքերի գործողությունները պայմաններ են ստեղծում Անդրկովկասում ԱՄՆ ազդեցության ամրապնդման համար։ «Եթե խոսենք կոնկրետ պայմանագրի մասին, ապա, ամենայն հավանականությամբ, խոսքը հայ-ամերիկյան նոր զորավարժությունների մասին է»,- կարծում է փորձագետը։

Սիվկովի խոսքով՝ Վաշինգտոնը փորձում է սահմանափակել Երևանի ռազմական համագործակցությունը Անդրկովկասում ԵՄ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամի կարգավիճակը, թեկուզ սառեցված վիճակում, անհամատեղելի է ամերիկյան զորքերի նման տեղաշարժերի հետ»,- եզրափակել է փորձագետը։

Ռազմագերիներ