
Խաղաղության պայմանագիրը պատրաստ է, բայց Երևանի և Բաքվի միջև վեճերը շարունակվո՞ւմ են. DW
Լուրը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը վերջապես համաձայնեցվել է, լուրջ իրադարձություն էր։ Հայաստանում շատերը կասկածում են, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի. գրել է Deutsche Welle-ն։
Ինչպես նշվել է, խաղաղության պայմանագիրը բաղկացած է 17 կետից, որոնցից երկուսի շուրջ կողմերը երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ։ Դրանցից մեկը վերաբերում էր հայ-ադրբեջանական սահմանից երրորդ ուժերի դուրսբերմանը, որով Բաքուն, առաջին հերթին, նկատի ունի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որն աշխատում է հայկական կողմում 2023 թվականի սկզբից մոնիթորինգի նպատակով, իսկ 2025 թվականի մարտին նրա մանդատը երկարաձգվել է ևս երկու տարով։
Ադրբեջանական կողմը կտրականապես դեմ է դիտորդների ներկայությանը` նրանց մեղադրելով «հետախուզական գործունեության մեջ»։ Խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտի մասին հայտարարությունից հետո հայ փորձագիտական և քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այս առաքելության ապագան։ Հարավկովկասյան հակամարտությունների վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը կարծում է, որ առաքելության հարցը շարունակում է արդիական մնալ, քանի որ Բաքուն չի ընդունում դրա աշխատանքը։ Նրա կարծիքով՝ Երևանը տեսականորեն կարող է համոզել Բրյուսելին փոխել առաքելության լիազորությունները, «որպեսզի, օրինակ, դիտորդների փոքր խումբ մնա երկրում՝ սահմանափակ գործառույթներով»։
Երկրորդ վիճելի հարցը վերաբերում էր միջազգային դատարանների, մասնավորապես՝ Հաագայի միջազգային դատարանի հայցերի փոխադարձ ետ կանչմանը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ մեղադրում էին միմյանց ռասայական խտրականության մեջ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության և վերջին զինված բախումների համատեքստում։ Չնայած համաձայնագրի տեքստի շուրջ պայմանավորվածությանը՝ Հայաստանը դեռ կասկածում է, որ այն շուտով կստորագրվի։ Երևանը հայտարարել է Բաքվի հետ ստորագրման ժամկետի և վայրի շուրջ խորհրդակցություններ սկսելու պատրաստակամության մասին, սակայն Ադրբեջանը, որպես խաղաղության ծրագրի մի մաս, պահանջում է փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ ընդգծելով դրանց ներքաղաքական նշանակությունը, սակայն դա կտրականապես մերժվում է ընդդիմության կողմից։ Այսպես, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ համաձայնեցված փաստաթուղթը չի լուծում առանցքային խնդիրները: «Որպեսզի այս «թղթի կտորը» ուժի մեջ մտնի, Բաքուն պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի իր հայեցողությամբ։ Դա տեղի չի ունենա․ Հայաստանում ոչ ոք դա չի ընդունի»,- DW-ի հետ զրույցում նշել է Խաչատրյանը։ Բաքվի մեկ այլ պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) լուծարումն է, որը զբաղվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Երևանի դիրքորոշումն այստեղ ճկուն է․ Փաշինյանը նախկինում չի բացառել խմբի լուծարումը, սակայն չի հստակեցրել՝ համաձայնագրի ստորագրումից առա՞ջ, թե՞ հետո։
Հայաստանի ընդդիմադիր դաշինքի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարծում է, որ Բաքվի հավակնությունները Երևանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված պայմանները։ «Ադրբեջանը կարմիր գիծ չունի. նրա պահանջները չեն ավարտվելու, դրանք շարունակվելու են և շոշափելու են Հայաստանի ավելի ու ավելի կենսական շահերը»,- DW-ի հետ զրույցում ամփոփել է Մամիջանյանը։