
Մենք աշխատել ենք ի շահ ազատությունից զրկված և քաղաքացիական անձանց պաշտպանության․ ԿԽՄԿ-ն՝ Ադրբեջանում գործունեության մասին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հրապարակել է Ադրբեջանում 2024 թվականին իր գործունեության կարևորագույն իրադարձություններ վերաբերյալ հայտարարություն։ Ինչպես նշվել է, ԿԽՄԿ-ն չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն է, որն աշխատում է պաշտպանելու հակամարտությունների և այլ բռնությունների հետևանքներից տառապող մարդկանց կյանքն ու արժանապատվությունը: Կառույցը տարածաշրջանում ներկա է եղել 1992 թվականից՝ աշխատելով ազգային իշխանությունների կողքին՝ լուծելու հակամարտություններից բխող մարդասիրական կարիքները: 2024 թվականին, հաշվի առնելով համատեքստի փոփոխությունը, ԿԽՄԿ-ն վերադասավորել է իր գործունեությունը:
Մինչև տարվա կեսերը աջակցության բոլոր ծրագրերն աստիճանաբար դադարեցվել են, և խորացել է աջակցությունը տեղական մասնագետներին: «Ադրբեջանական կառույցների հետ մենք շարունակել ենք աջակցել հակամարտությունից տուժածներին՝ հատուկ ուշադրություն կենտրոնացնելով անհայտ կորածներին, բարձրացնելով զենքի կիրառման վտանգի մասին իրազեկությունը, նպաստելով հոգեկան առողջությանը և տրամադրելով հոգեբանական աջակցություն, կատարել կալանավորվածների այցելություններ և խթանել միջազգային մարդասիրական իրավունքը», – նշվել է հայտարարությունում:
Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ ԿԽՄԿ-ն շարունակել է աջակցել դատաբժշկական ջանքերին՝ կապված մարդկային մնացորդների արտաշիրմման և նույնականացման հետ, օգնել իշխանություններին պարզել մոտ 4000 անհայտ կորածների ճակատագիրը։ «Ժնևի կոնվենցիայով տրված մանդատի համաձայն՝ մենք շարունակեցինք մեր աշխատանքն ի շահ ազատությունից զրկված և քաղաքացիական անձանց պաշտպանության», – նշվել է հայտարարությունում։