
Քննիչ, դատախազ, դատավոր, Արգիշտի Քյարամյանի 10 տարվա ընկեր․ ո՞վ է Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր նախագահ ունի։ Արթուր Նահապետյանն է նշանակվել այդ պաշտոնում։
35-ամյա Նահապետյանը ծնունդով Գյումրիից է, սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում։
Կարիերան սկսել է 2011 թվականին՝ որպես Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ: 2013-ին դարձել է ավագ քննիչ, իսկ 2015 թվականից եղել է դատախազ՝ Շիրակի մարզի դատախազությունում, ապա նշանակվել Շիրակի մարզի դատախազի տեղակալ։
Հենց այս փուլում էլ սկսել է ընկերություն անել ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ և մինչև հիմա պահպանել մտերմությունը։ «Իմ ու պարոն Քյարամյանի մտերմությունը չեն կաշկանդում ինձ օբյեկտիվ և անաչառ որոշումներ կայացնելու հարցում»,- ասել էր Նահապետյանը:
2017-2018 թվականներին դասախոսել է Շիրակի Մ.Նալբադյանի անվան պետական համալսարանի իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնում։
2018 թվականից տեղափոխվել է ՊԵԿ, 2019-ին աշխատանքի է անցել ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում, եղել սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալը:
Մեկ տարի անց աշխատանքի է անցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ որպես դեպարտամենտի պետի տեղակալ:
2023թ. մարտի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեականի դատավոր, 2025 թվականի հունվարից Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն էր։
Կառավարության այսօրվա նիստում նորանշանակ նախագահը վստահեցրել է՝ ամեն բան անելու է Հայաստանում կոռուպցիան կանխարգելելու համար։
«Իմ թեկնածությունը առաջադրելը և հաստատելը ինձ համար մեծ պատիվ է և պատասխանատվություն։ Վստահեցնում եմ, որ գործադրելու եմ առավելագույն ջանքը կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ առումով փորձելու եմ ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը։ Անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարն ու դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի՝ ՀՀ քաղաքացու համար»,- ասել է նա։
Նահապետյանն արդարադատության մայոր է, պահեստազորի փոխգնդապետ: Ամուսնացած է: