22 Մար
2025
8.3° c ԵՐԵՎԱՆ
-3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ին անդամակցելու դեպքում՝ ՀՀ-ն ոչ միայն տնտեսական խնդիրների առաջ կկանգնի, այլև ստիպված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցներին․ Շոյգու 

ԵՄ-ին անդամակցելու դեպքում՝ ՀՀ-ն ոչ միայն տնտեսական խնդիրների առաջ կկանգնի, այլև ստիպված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցներին․ Շոյգու 

Եվրամիությանն անդամակցելու դեպքում՝ Հայաստանը կկորցնի բազմաթիվ արտոնություններ, քանի որ ստիպված է լինելու դուրս գալ ԵԱՏՄ-ից. հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Ամենահամեստ հաշվարկներով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթացի փուլում Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի 30-40%-ը։ Սա կրիտիկական վնաս կհասցնի երկրի տնտեսությանը, իսկ արտադրության անկումը, աշխատաշուկայի կրճատումը, գործազրկության աճն ու գնաճը կհանգեցնեն կենսամակարդակի կտրուկ անկման։ Միևնույն ժամանակ, Երևանը չպետք է հույս դնի ԵՄ-ի առատաձեռն սուբսիդիաների վրա՝ հաշվի առնելով եվրոպական տնտեսության վիճակը»,- նշել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ եվրաինտեգրման հեռանկարի դիմաց Հայաստանի քաղաքացիները պետք է հրաժարվեն ԵԱՏՄ միասնական աշխատաշուկայի կողմից տրվող արտոնություններից, այդ թվում՝ առանց թույլտրող փաստաթղթերի աշխատանքի ընդունվելուց, պարզեցված գրանցումից, անվճար բուժօգնությունից, անվճար կրթությունից և այլն։ Շոյգուն հիշեցրել է, որ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներն ապահովում են երկրի ՀՆԱ-ի մոտավորապես 15%-ը։ «Զգալի տեսակարար կշիռ է կազմում Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների փոխանցումները: Հաշվի առնելով, որ շատերը ստիպված կլինեն վերադառնալ հայրենիք, իսկ Եվրոպան նրանց չի սպասում, վստահաբար կարող ենք կանխատեսել, որ արտերկրից դրամական մուտքերը Հայաստանի տնտեսություն կնվազեն, այն էլ՝ բավականին զգալի»,- կարծում է Շոյգուն՝ հավելելով, որ անհրաժեշտ կլինի հրատապ նոր աշխատատեղեր ստեղծել, իսկ երկիրը դրա համար անհրաժեշտ ներդրումային ռեսուրսներ չունի։

Բացի այդ՝ Հայաստանը պետք է վերակառուցի ստանդարտների և հավաստագրման իր ողջ համակարգը՝ ԵՄ պահանջներին համապատասխանելու համար: «Գործնականում դա նշանակում է նվազագույնը լճացում, իսկ առավելագույնը՝ գոյություն ունեցող արդյունաբերության, այդ թվում՝ մետաղագործության, սննդի և թեթև արդյունաբերության ոչնչացում»,- պարզաբանել է նա։ Բացի այդ՝ Շոյգուն նշել է, որ Հայաստանից կպահանջվի մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից և ԵԱՏՄ այլ երկրներից ներմուծվող ապրանքների վրա և, համապատասխանաբար, չեղարկել ԵՄ երկրներից ապրանքների մաքսատուրքերը։ «Բնականաբար, ԵԱՏՄ երկրների հետ մաքսային միության և ազատ առևտրի մասին խոսք չի լինի։ Երկիրը ստիպված կլինի նաև լքել ԱՊՀ ազատ առևտրի գոտին»,- հավելել է նա։

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 12,7 միլիարդ դոլար, իսկ ԵՄ երկրների հետ՝ 2,3 միլիարդ դոլար «Տարբերությունը գրեթե 6 անգամ է, մանրամասնել է ԱԽ քարտուղարը։ Բացի այդ՝ Շոյգուն վստահ է, որ Հայաստանին չի հաջողվի փոխել արտահանման ուղղությունները, քանի որ Եվրոպայում հայկական ապրանքներին չեն սպասում։ «Արևմտյան շուկաներ մտնելը և դրանցում տեղ գրավելը չափազանց բարդ խնդիր է, այդ թվում՝ բուսասանիտարական, անասնաբուժական և այլ պահանջների բարձր մակարդակի պատճառով»,- պարզաբանել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Միևնույն ժամանակ, Շոյգուն նշել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուց Ռուսաստանի կորուստները էական չեն լինի։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև նախազգուշացրել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կնշանակի, որ նա ստիպված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցներին և զենք մատակարարել Ուկրաինային։ «Հայաստանը պետք է միանա Եվրամիության եվրոպական պատժամիջոցներին և ռազմաքաղաքական որոշումներին, այդ թվում՝ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության, ինչպես նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում»,- նշել է նա։

Այսպիսով, ըստ Շոյգուի, Եվրամիությանը հնարավոր անդամակցության դեպքում՝ Հայաստանը ոչ միայն տնտեսական խնդիրների առաջ կկանգնի, այլև ստիպված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Ինչպես նշել է Շոյգուն, այդ քայլերն ուղղված են լինելու ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի, այլ նաև Իրանի դեմ, որի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի վերջին կազմել է ավելի քան 737 մլն դոլար։

Ռազմագերիներ