
Որո՞նք են ՀՀ-ի արտաքին քաղաքական ներկայիս առաջնահերթությունները․ պարզել է Известия-ն
Հայաստանում ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի քննարկումը հետաձգվել է երկու ամսով. պարզել է Известия–ն։ Ավելի վաղ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր փաստաթուղթը, իսկ երկրորդը պետք է տեղի ունենար մարտի 25-ին։
Խորհրդարանում ընդունել են, որ քննարկումը կարող էր հետաձգվել կառավարության քաղաքականությանը հանրային անբավարար աջակցության պատճառով։ Վերջին հարցումների համաձայն՝ քաղաքացիների ավելի քան 65 տոկոսը բացասական է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։ Բացի այդ՝ Երևանը ներկայումս մտահոգված է արտաքին քաղաքական այլ հարցերով, որոնցից հիմնականը Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։
Պատգամավորներն, ում հետ զրուցել է Известия-ն, չեն հերքել, բայց և չեն հաստատել այս հարցով նիստի հետաձգումը մինչև մայիս։ Ըստ տեղեկության՝ նիստի հստակ ժամկետ դեռ չկա։ Ինչպես նշվել է, այսպես թե այնպես, Հայաստանը մոտ ապագայում չի կարողանա անդամակցել Եվրամիությանը։ Հանրապետությունը նույնիսկ ընդհանուր սահման չունի միության հետ։
Ներկայումս ԵՄ–ին անդամակցելու համար 9 երկիր՝ այդ թվում՝ Թուրքիան, Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոլդովան և Ուկրաինան, ունեն պաշտոնական թեկնածուի կարգավիճակ։
Միանալու համար Հայաստանը պետք է մի շարք բարեփոխումներ իրականացնի ազգային օրենսդրության, շուկայական տնտեսության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Ինչպես նշել է Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի սոցիալական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Յուլիա Դավիդովան, հանրապետությունում գործազրկության բարձր մակարդակ կա, և փոքր բիզնեսը հիմնականում գտնվում է «գորշ» գոտում։
Այնուամենայնիվ, ըստ նրա, ֆորմալ առումով՝ Հայաստանի տնտեսությունը համապատասխանում է կոպենհագենյան չափանիշներին, որոնց կատարումն անհրաժեշտ է Եվրամիությանն անդամակցելու համար։ Ներկայումս Հայաստանը և ԵՄ–ը չեն կարող գործարկել առանց վիզայի ռեժիմ, քանի որ Երևանը պետք է բարելավի իրավիճակը սահմանային վերահսկողության և միգրացիայի ոլորտում։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Եվրամիությունը Հայաստանի օգնությամբ միայն փորձում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում Մոսկվայի հետ աշխարհաքաղաքական առճակատման համատեքստում։ Կովկասի հարցերով փորձագետ Վադիմ Մուխանովը կարծում է, որ օրինագծի քննարկման հետաձգումը չպետք է հստակորեն ընկալվի որպես Երևանի արտաքին քաղաքականության արմատական փոփոխություն։
«Հայաստանի համար այժմ առաջնայինն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Բացի այդ՝ Փաշինյանի թիմն ակնկալում է, որ Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի լուրը դրականորեն կընդունվի Եվրամիության կառույցներում»,- նշել է փորձագետը։ Ինչպես նշվել է, Երևանը ներկայումս մտահոգված է Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, որը հարթ չի ընթանում։ Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմից բազմիցս տեղեկություններ են ստացվել սահմանին կրակոցների մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս մեղադրանքները։ Երևանը կոչ է արել համատեղ հետաքննություն անցկացնել առաջնագծում կրակոցների մասին հաղորդագրությունների վերաբերյալ և խնդրել է Բաքվին տրամադրել խախտումների վերաբերյալ ցանկացած ապացույց, սակայն վերջինս մերժել է Փաշինյանի առաջարկը։ Վադիմ Մուխանովի խոսքով՝ Բաքվի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու և Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու գաղափարը, մեղմ ասած, ժողովրդականություն չի վայելում հայ հասարակության մեջ։