
Վերհիշելով հայրենի Նախիջևանն ու ծննդավայրը՝ չքնաղ Բիստը
Բիստ/Պուստ․ Նախիջևանի` Գողթան գավառի ամենամեծ գյուղերից մեկն է։ Հյուսիսից՝ Գիրան, հարավից Մեսրոպավան գետերով է եզերված։ Գետերի ափերին երկինք ձգվող բարդիներ կային, ընկուզենիներ ու բազմաթիվ այլ ծառեր։ Պատմաբան, մատենագետ Արգամ Այվազյանի «Նախիջևան բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակում» նշվում է՝ «Գողթնի ամենամեծ գյուղերից մեկը համարվող այս բնակավայրից վերջին հայ ընտանիքները ևս արտաքսվեցին 1989 թվականին»։
Այդ ընտանիքների շարքում էր Համբարձում Սամվելյանի ընտանիքը։ Նա ծվել է 1965 թվականին։ Ընտանիքում վեց երեխա են՝ 4 տղա, 2 աղջիկ։ Քույր, եղբայրների հետ Բիստի թաղերում հաճախ էին խաղում, վազվզում գետի ափից ափ, վայելում այդ չքնաղ գյուղը։
«Հայրս այնտեղ աշխատել է որպես պահեստապետ, հետո՝ արխիվի վարիչ, մայրս տնային տնտեսուհի էր։ Ծանր է, երբ հիշում ենք՝ ինչեր ենք կորցրել․ մեր ծննդավայրը, հայրենիքը, եկեղեցիները, վանքերը, մեր գերեզմանները․․.։ Ուրախում ենք մեր մանկությունով, մեր անցածով, մեր հուշերով, մեր ապրելակերպով ու ունեցած ավանդույթներով»,- ասում է Համբարձում Սամվելյանը։
«Ամեն ինչ այնքան ուրախ ու անհոգ էր թվում մեր տանը»,- ասում է զրուցակիցս։ Տարեմուտին, Զատիկին, Տրնդեզին ու մյուս տոնական օրերին Բիստում ցնծություն էր։ Հիմա տոնական օրերը նույն ուրախությունը չի բերում նրանց։
«Հիմա հարազատ քույր, եղբայրներս Հայաստանում են սփռված։ Ես ընտանիքիս հետ ապրում եմ Վայոց Ձորի գյուղերից մեկում, որ Գողթանիկ ենք կոչել։ Տեղահանության առաջին տարիներին մեծամասամբ նախիջևանցիներով էր բնակեցված գյուղը, հիմա Հայաստանի այլ բնակավայրերից էլ կան»,-ասում է նա։
Համբարձում Սամվելյանի ընտանիքը երկու գաղթականից է ստեղծվել․ կինը Գանձակից է գաղթել։ Երկու տարածքների սովորույթները միանում են իրար, գումարվում է Հայաստանում ընդունված սովորույթներն ու ավանդույթները։ Ավանդական ուտելիքներ համտեսելու համար շատ հնարավորություն ու ժամանակ չկա՝ ցավով է նշում զրուցակիցս։ Հարազատների հետ կարողանում են հավաքվել գրեթե միայն առիթների ժամանակ։
«Ես, անկեղծ ասած, միշտ էլ հավաքույթներ կազմակերպում եմ իմ դասընկերների, ազգակիցների հետ։ Տարին մեկ անգամ՝ հատկապես Վարդավառին։ Իրար տեսնում ենք, ուրախանում, ուտում, խմում»,- պատմում է Համբարձում Սամվելյանը։
Այնքան երազանքներ ունեն, որ կարծես ինչ-որ քողով կապված, հարմար պահի սպասելիս լինեն։ Անընդհատ հիշում և տուն վերադառնալ են ուզում, բայց գիտեն, որ այդ վերադարձը մեկ օրում չի լինելու։
«Հիշում ենք մեր անցյալը, երազներով տուն գնում, հաճախ քայլում հարազատ փողոցներով։ Կարոտը շատ մեծ է մեր կյանքում»,-անկեղծանում է նա։
Կարոտով ապրել, մեկ-մեկ մոռանալ ոչ թե ցավը, այլ օրինակ, որ Նախիջևանը, Արցախը գերեվարված են։ Կարոտում է հայրական տունը, գյուղի մարդկանց, անհոգ օրերն ու ժամանակները։ Բիստը Ադրբեջանին թողնելով՝ հայկական մշակույթը պատմական գերեզմաններ, յուրատիպ խաչքարեր ու կոթողներ է թողել։ Բիստը հայտնի է իր հին գերեզմանատնով նաև։
Այն թվագրվում է X-XIX դդ։ Աստվածածին վանքից 350-400 մ արևմուտք, գյուղի հյուսիսարևմտյան թաղամասի թեքադիր վայրում։ Հին գերեզմանատանը 800-830 տապանաքար կար՝ խաչքարեր, հարթ, քառանկյունի, խոյաձև։ 150-155 տապանաքարերը արձանագիր էին։
Տապանաքարերի մեծ մասը ավերել է, ոչնչացրել է Ադրբեջանը, արձանագրությունների զգալի մասը դժվարընթեռնելի ու քայքայված են։
Անի Աբաղյան