
Իսրայելը հարվածել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին
Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանում «Հեզբոլլահ»-ի տասնյակ թիրախներին՝ ի պատասխան երկրի հյուսիսային հատվածի հրետակոծման։ Տեղեկացնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Այսօր առավոտյան Իսրայելի տարածքի հրթիռակոծմանն ի պատասխան՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել են Իսրայելի բանակին վճռական գործողություններ ձեռնարկել Լիբանանում գտնվող ահաբեկչական թիրախների դեմ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Գրասենյակը կրկին շեշտել է, որ կատարվածի պատասխանատվությունը կրում է Լիբանանի կառավարությունը։
«Լիբանանի իշխանություններն ամբողջությամբ պատասխանատու են իրենց երկրի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Իսրայելը չի հանդուրժի իր քաղաքացիների և ինքնիշխանության դեմ որևէ սպառնալիք և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հյուսիսային բնակավայրերի անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարությունում։