
Ստամբուլի քաղաքապետին հինգ ժամ հարցաքննել են՝ ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանքով
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը ձերբակալվել էր ահաբեկչությանը օժանդակելու և խարդախության մեղադրանքով, հինգ ժամ ցուցմունք է տվել իրավապահ մարմիններին, տեղեկացնում է A Haber հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ հարցաքննության գործընթացն ավարտվել է, և Իմամօղլուն շարունակում է հերքել իրեն ներկայացված մեղադրանքները։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը համարվող Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին։ Նրա ձերբակալությունը լուրջ ազդեցություն է ունեցել երկրում՝ բերելով թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկմանը, հիմնական սոցիալական հարթակների արգելափակմանը և զանգվածային բողոքի ցույցերի բռնկմանը Ստամբուլի ու երկրի տարբեր քաղաքների փողոցներում։
Իմամօղլուն համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցներից մեկը։