26 Մար
2025
11.1° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն և Ադրբեջանը տարբեր ձևերով մանևրում են հզոր երկրների միջև, լարվածությունը տարածաշրջանում մեծանում է․ Տարասով

ՀՀ-ն և Ադրբեջանը տարբեր ձևերով մանևրում են հզոր երկրների միջև, լարվածությունը տարածաշրջանում մեծանում է․ Տարասով

Այն բանից հետո, երբ մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտնեցին, որ իրենք ավարտել են բանակցությունները՝ համաձայնեցնելու խաղաղ պայմանագրի տեքստը, որը նախատեսում է երրորդ ուժերի դուրսբերում սահմանամերձ տարածքներից և փոխադարձ հրաժարում միջազգային դատարաններում հայցերից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կողմերը «պատրաստ են սկսել քննարկումները փաստաթղթի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ»։ Սակայն Բաքվում այս խոսքերն ընկալեցին, մեղմ ասած, բացասական համատեքստում։ Այս մասին գրել է ռուս քաղաքական վերլուծաբան, կովկասագետ Ստանիսլավ Տարասովը Свободная Пресса-ի իր հոդվածում։

Նրա խոսքով՝ տեղի է ունեցել ինչ-որ ներքին ձախողում. Երևանն առաջարկել է կոմյունիկեն հրապարակել համատեղ ՝ վկայակոչելով «կողմերի միջև պայմանավորվածությունը»։ Սակայն Բաքուն նախընտրել է միակողմանի հայտարարություն անել և ևս մեկ անգամ նախանշել իր պայմանները. Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություն կատարվի, որը կվերացնի «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջները», իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը (ԵԱՀԿ ՄԽ), որը նախագահում էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, պետք է լուծարվի: «Այսինքն՝ եթե Բաքուն հիմա ստորագրեր համաձայնագիրը, պարզ չէ, թե ի՞նչ ձևաչափով կշարունակեր երկխոսությունը Երևանի հետ մնացած վիճելի հարցերի շուրջ։ Երևանն առաջարկել է համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ խորհրդակցությունները համատեղել հետագա կարգավորման քննարկումների հետ։ Բաքուն լռել է։ Իրավիճակը կրկին անորոշ է», – գրել է Տարասովը՝ հավելելով, որի հայտ է գալիս ինտրիգային պատկեր։ Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ խաղաղ համաձայնագրի տեքստը կողմերը համաձայնեցրել են հիմնականում ուղիղ բանակցությունների ընթացքում՝ առանց Ռուսաստանի և այլ միջնորդների մասնակցության, թեև ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի «կուլիսներում» ակտիվ ներկայություն է ունեցել։

Պայմանագրի ստորագրման համար ամերիկացիներն առաջարկել են իրենց կամ արևմտյան մեկ այլ հարթակ։ Տեղի ընտրության և նույնիսկ ստորագրման ժամանակի վերաբերյալ անցկացվել են տեխնիկական խորհրդակցություններ։ Բաքուն դեմ է արտահայտվել այս սցենարին՝ առաջարկելով փաստաթղթի ստորագրումն անցկացնել երկու երկրների սահմանին։ Եվ հենց այս պահին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ «Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օգնությունն այն ծավալներով և ձևերով, որոնք կպահանջվեն երկու երկրների կողմից», և որ «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի շարքը մնում է արդիական»։ Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արտաքին քաղաքականության վարչության պետի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է խորհրդակցությունների համար գալ տարածաշրջան, և որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «որպես միջազգային բանակցային ձևաչափ՝ իր բոլոր կառույցներով չի կարող վերականգնվել»։ Դրանից հետո Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը մտադիր է քննարկումներ սկսել Մինսկի խմբի լուծարման հարցի շուրջ։ Այսպիսով, միջանկյալ մնացորդում մնում է միայն մեկ վիճելի թեմա՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները։ «Եթե իրավիճակին նայենք լայն համատեքստում, ապա Ադրբեջանին ու Հայաստանին միավորում է մեկ ընդհանուր կարևոր հատկանիշ․ նրանք միասին, բայց տարբեր ձևերով, մանևրում են հզոր երկրների միջև, որոնց հետ պատմականորեն բարդ հարաբերություններ են ունեցել։ Ուստի՝ ուժերի նուրբ հավասարակշռության խախտումը մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում», – գրել է Տարասովը։

Նա նշել է, որ այժմ ամբողջ ուժգնությամբ գլուխ է բարձրացնում Ուկրաինայի և Արևմուտքի հարաբերությունների պատմությունը։ Այս իրավիճակում Հայաստանը սկսել է սահել դեպի Արևմուտք, մինչդեռ Ադրբեջանը չի շտապում նրա գիրկն ընկնել։ Միևնույն ժամանակ՝ հարևան Մերձավոր Արևելքում անսովոր աշխարհաքաղաքական խզվածքների համատեքստում՝ Ադրբեջանի և Հայաստանի համար չափազանց վտանգավոր է Ռուսաստանի հետ կամուրջներ այրելը և նրա համար ռեվիզիոնիստական ուժ դառնալը: «Այնպես որ, Բաքուն և Երևանը Մոսկվայի միջնորդությամբ մոտ են այնպիսի որոշումների, որոնց նշանակությունը վերաբերում է ոչ միայն այս երկու երկրների հարաբերություններին», – եզրափակել է կովկասագետը։

Ռազմագերիներ