
ԵՄ-ը Թուրքիային կոչ է արել հարգել ընտրված քաղաքական գործիչների և ցուցարարների իրավունքները
Եվրամիությունը Թուրքիային կոչ է արել հարգել ընտրված քաղաքական գործիչների և խաղաղ ցուցարարների իրավունքները Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության ֆոնին․ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն։ «Որպես Եվրախորհրդի անդամ և ԵՄ թեկնածու՝ Թուրքիան պետք է պաշտպանի ժողովրդավարական արժեքները: Ընտրված պաշտոնյաների և խաղաղ ցուցարարների իրավունքները պետք է լիովին հարգվեն», – նշել է ԵՀ–ի խոսնակը:
Նա, սակայն, չի տեղեկացրել՝ Բրյուսելը ծրագրո՞ւմ է կրճատել Թուրքիայի հետ համագործակցությունը ներքին իրավիճակի պատճառով։ «Ենթադրություններ չենք անելու»,- հայտարարել է ԵՀ ներկայացուցիչը։
Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի աջակցության ցույցերն անցած շաբաթվանից շարունակվում են քաղաքապետարանի մոտ գտնվող Սարաչհանե հրապարակում, ինչպես նաև Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում։ Ստամբուլի Չաղլայան դատարանը կիրակի օրը որոշում է կայացրել ձերբակալել Ստամբուլի քաղաքապետին, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ։ Իմամօղլուի հետ միասին ձերբակալվել են քաղաքապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ․ կոռուպցիոն գործում ներգրավված է ավելի քան 90 մարդ։