
Խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական շահերի կենտրոնում գտնվող Հարավային Կովկասում խաղաղության հույսեր են նշմարվում․ Vatican News
Մարտի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարել են, որ սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի էական պայմանների վերաբերյալ, թեև որոշ հարցեր դեռ բաց են։
Կիրակի՝ մարտի 23-ին, Անգելուսում Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով մշտապես հանդես է եկել հակամարտության խաղաղ լուծման համար, ողջունել է բեկումը՝ հայտնելով իր երախտագիտությունը Հարավային Կովկասում գրանցված առաջընթացի համար․«Թող սա հույսի նշան լինի, որ մյուս հակամարտությունները նույնպես կարող են լուծում գտնել երկխոսության և բարի կամքի միջոցով»:
Այս մասին է գրել է Vatican News–ը։ Նշվել է, որ Խորհրդային Միության փլուզումից ի վեր երկու հարևան երկրները երկու մեծ մահացու պատերազմներ են մղել տարածաշրջանի համար՝ 1988-1994 և 2020 թվականներին, որոնց միջև եղել են մի քանի բախումներ:
Հակամարտությունը կրկին բռնկվել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ կայծակնային 24-ժամյա ռազմական հարձակման արդյունքում՝ Ադրբեջանն ամբողջական վերահսկողություն է հաստատել Ղարաբաղի վրա, ինչի արդյունքում՝ տարածաշրջանի էթնիկ հայ բնակչությանը մեկ շաբաթվա ընթացքում ստիպված է եղել փախչել Հայաստան: Այս զարգացումների ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը մշտապես հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին՝ ընդգծելով հակամարտությունների կարգավորման համար երկխոսությունն ու բանակցությունները։
2023 թվականի հոկտեմբերի 1-ի Անգելուսում նա խորը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առնչությամբ՝ կոչ անելով երկու պետություններին բանակցություններ վարել խաղաղությունը վերականգնելու և տեղահանվածների ծանր վիճակը լուծելու համար։ 2024 թվականի հունվարի 8-ին Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներին ուղղված իր ամենամյա «Աշխարհի վիճակը» ուղերձի ժամանակ Հռոմի Պապը կրկին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիր և ընդգծել միջազգային իրավունքի հարգման, տեղահանվածների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի և պաշտամունքի վայրերի պահպանման կարևորությունը։
Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները մեկնարկել են 2024 թվականի ամռան վերջին և կենտրոնացել 17 կետի վրա։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հիմնական հարցը, կարծես թե, լուծված է այն բանից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ճանաչեց այդ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Բանակցությունների վերջին փուլում Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկները համաձայնագրի նախագծի երկու չլուծված հոդվածների վերաբերյալ՝ կապված երրորդ երկրներից սահմանի երկայնքով ուժեր չտեղակայելու և միջազգային ատյաններից պահանջների փոխադարձ ետ կանչման և միմյանց դեմ գործողություններ չձեռնարկելու պարտավորության վերաբերյալ։ Փոխըմբռնումը դեռևս չի անդրադարձել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների խնդրին, որը պահանջում է Ադրբեջանը։ Թեև Հայաստանը հերքում է, որ իր հիմնարար կանոնադրությունը որևէ վտանգ է ներկայացնում իր հարևանի համար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է նոր սահմանադրություն ընդունելու մտադրության մասին։ Այնուամենայնիվ, դեռևս չկա գործընթացի ժամանակացույց, որը պետք է ներառի ինչպես խորհրդարանական անցում, այնպես էլ համաժողովրդական հանրաքվե: Ընդգծվել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական մեծ նշանակություն ունի ինչպես իր դիրքով, այնպես էլ նավթի ու բնական գազի հարուստ պաշարների պատճառով, և, հետևաբար, այն գտնվում է այնպիսի խաղացողների աշխարհաքաղաքական շահերի կենտրոնում, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ–ն և Եվրամիությունը: