
Նույնիսկ Ադրբեջանն է հասկանում, որ Հայաստանի համար խաղաղության պայմաններն ընդունելն ինքնասպանություն է․ Հայկ Մամիջանյան
Խաղաղության պայմանագրի պայմանները փաստացի միակողմանի են՝ ի վնաս Հայաստանի. հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ադրբեջանի համար զարմանալի էր, որ Հայաստանն ընդունել է այդ առաջարկները։ Նույնիսկ Ադրբեջանն է հասկանում, որ Հայաստանի համար ինքնասպանություն են այդ առաջարկները, այսինքն՝ այնքան վատն է տեքստը, որ նույնիսկ, ըստ Ալեն Սիմոնյանի՝ Ադրբեջանը չէր հավատում, որ Հայաստանը ընդունելու է այդ կարգի կրկնակապիտուլյացիան»-ասել է նա՝ մեկնաբանելով ԱԺ նախագահի հայտարարությունը, թե Ադրբեջանը չէր սպասում խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ հայկական կողմի համաձայնությանը։
Մամիջանյանը Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը որակել է «ինքնախոստովանական»՝ նշելով, որ չի հիշում մի դեպք, երբ Ազգային ժողովից որևէ մեկը ասի, որ Հայաստանը, որպես կանոն, չի ընդունում այս կամ այն բանակցային առաջարկները։
«Ավելին ասեմ՝ կապված այն գործընթացի հետ, որ իրենք իրականացնում են, իրենց նոր թեզը, չգիտեմ՝ SMS-ով են բաժանում, ինչով են բաժանում, այնտեղ բոլոր կետերը երկկողմանի են»-նշել է նա։