
Երևանն, անհասկանալի պատճառով, ցանկանում է պահպանել Մոսկվայի հետ խաթարված հարաբերությունները․ ռուսական մամուլ
Հայաստանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը հավանություն է տվել Եվրամիությանը երկրի միանալու օրինագծին։ Քննարկման ընթացքում մի քանի էական փոփոխություններ են կատարվել փաստաթղթում։ Այսպիսով՝ նախագծից հանվել է «ինտեգրում» տերմինը. նախաբանում այժմ խոսվում է «անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին։ Բացի այդ՝ անհետացել է հայ ժողովրդի միասնական կամքի մասին հիշատակումը, սակայն հայտնվել են թեզեր երկրի՝ ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու, բարեկեցությունը բարձրացնելու և անվտանգությունն ամրապնդելու ցանկության մասին․ գրել է Известия–ն։
ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի ամբիոնի վարիչ Վլադիմիր Նովիկովի խոսքով՝ այստեղ կա քաղաքական հաշվարկ։ Իշխող կուսակցության վարկանիշն այս պահին ամենացածրն է, և նման նախաձեռնություններով նրանք ցանկանում են իրենց կողմը գրավել եվրոպամետ ընտրազանգվածին՝ փորձելով չօտարել ռուսամետ ընտրողներին։ «Մեզ հայտնի է Երևանի պաշտոնական դիրքորոշումը, որտեղ ասվում է, որ ԵԱՏՄ–ին անդամակցությունն իբր չի հակասում ԵՄ–ին անդամակցելու ցանկությանը։ Իրականում ակնհայտ է, որ հակասություն կա, բայց Երեւանում գերադասում են դա չնկատել», – ընդգծել է փորձագետը։
Քաղաքագետ Ալեքսանդր Ասաֆովը NEWS.ru–ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանն ինքն իրեն թակարդի մեջ է գցել՝ վերջ դնելով իր հին դաշնակիցների հետ կառուցողական շփումներին։ «Եվրամիության և ՆԱՏՕ–ի ուղղությամբ ուղղված վեկտորը ցույց է տալիս ոչ միայն իր անարդյունավետությունն, այլև՝ իրագործման անհնարինությունը, նույնիսկ երբ համոզիչ խոստումներ են տրվում»,- նշել է Ասաֆովը։ Փորձագետի խոսքով՝ այժմ Երևանը, անհասկանալի պատճառով, ցանկանում է պահպանել Մոսկվայի հետ խաթարված հարաբերությունները։ Ասաֆովը կարծում է, որ Ռուսաստանը, սակայն, սրան պետք է զուսպ արձագանքի։ Նա նաև անդրադարձել է հայ–ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ միայն Երևանի ցանկությունը բավարար չէ Ադրբեջանի հետ վիճելի հարցերը լուծելու համար։ «Սա նույնիսկ երկկողմանի ճանապարհ չէ, այլ՝ եռակողմ ճանապարհ։ Այստեղ միայն Հայաստանի ցանկությունը բավարար չէ, քանի որ այս ուղու վրա որևէ որոշում կայացնելու համար դա պետք է լրջորեն քննարկվի»,- նշել է փորձագետը։