
Սարի՛կ, քո համաքաղաքացիներին բռնել տալով՝ փորձում ես համայնքի ղեկավար դառնալ, հետո ո՞նց ես Գյումրիում քայլելու․ Հայկ Մամիջանյան
Գյումրիում ընթացող ռեպրեսիաները բնորոշ են Փաշինյանին ու ՔՊ-ին․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշել է, որ Մարտուն Գրիգորյանն արել է այն, ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, այսինքն՝ շիբինապատել մեկ-երկու փողոց։ «Նույն բանի համար այս պահին ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը: Լրիվ նույն բանի համար: Ուզում եմ ֆիքսենք, որ դեմոկրատիա են երգում, ինչ են երգում, չգիտեմ, այս պահին պատիվ ունեմ խմբակցության երկու պատգամավորների նկատմամբ, բառացիորեն այս պահին իրականացվում է ռեպրեսիա, դահլիճում Տարոն Մարգարյանի անձեռմխելիության հետևից են եկել, Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն են ձերբակալում»,-ասել է Մամիջանյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը դիմել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանին։
«Ընտրություններից հետո ինքը շարունակելու է ապրել այդ քաղաքում։ Գյումրեցիները միշտ հայտնի են եղել իրենց պատվախնդրությամբ, պատվի զգացումով, լուրջ ես ասում, այսինքն՝ Երևանից մարդ բերելով ու քո համաքաղաքացիներին բռնել տալով՝ փորձում ես դառնալ համայնքի ղեկավար։ Չգիտեմ՝ հետո ո՞նց ես Գյումրիում քայլելու։ Վստահ եմ, որ այս գործողությունների պատասխանը առաջին հերթին հենց մարտի 30-ին գյումրեցին տալու է»,-ասել է նա։
Մամիջանյանի համոզմամբ՝ Գյումրին բոլոր առումներով մերժում է ՔՊ-ին։
«Դա նկատելի է թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ փողոցներում, Գյումրիում նույնիսկ քննարկվում է, որ անընդունելի է, որ որևէ մեկը ՔՊ-ին ձայն տա։ Իմիջիայլոց, ուշադրություն, սիրելի գյումրեցիներ, դա Սարիկին ձայն չի, դա ՔՊ-ին ձայն է, դա Նիկոլ Փաշինյանին ձայն է, որովհետև Սարիկ Մինասյանը համաձայնվել է, որ հիմա Նիկոլ Փաշինյանը միացնի ռեպրեսիվ ապարատը, ինքն ուզում է համայնքի ղեկավար դառնալ ռեպրեսիվ ապարատի օգտագործմամբ, այնպես որ եթե նույնիսկ առաջ ինչ-որ մեկի մոտ կասկածներ կարող էր լինել, ապա հիմա միանշանակ Սարիկ Մինասյանը և Նիկոլ Փաշինյանը անունները հոմանիշ են, ուղղակի Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդես է գալիս Սարիկ Մինասյանի դեմքով»,-ասել է պատգամավորը: