
Չեմ ցանկանում մեկնաբանել տվյալ մարդու տվյալ հայտարարությունը, քանի որ դա նրա լիազորությունների շրջանակում չէ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցով նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին վերադարձի հարց չի քննարկվում։ Զախարովան նշել է, որ ՀՀ-ում այդ հարցով զբաղվում է ոչ վերոնշյալ քաղաքական գործիչն, այլ՝ ուրիշը։
Նա ընդգծել է, որ ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարները հանձնարարել են երկրների փոխվարչապետերին զբաղվել Հարավային Կովկասում տրասպորտային կապերի ապաշրջափակման հարցերով։ Զախարովան լրագրողին խորհուրդ է տվել դիմել ՀՀ-ում այն մարդուն, ով պատասխանատու է այդ ուղղության համար։
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել տվյալ մարդու տվյալ հայտարարությունը, քանի որ դա նրա լիազորությունների շրջանակում չէ»,-ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այդ կարևոր հարցի լուծման համար ստեղծվել է եռակողմ ածխատանքային խումբ, որի շրջանակում հսկայական աշխատանք է իրականացվել։ «Մենք տեսնում ենք արևմտյան երկրների ապակառուցողական ազդեցությունը, ինչպես նաև տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը երբեմն, նույնիսկ ոչ հազվադեպ մեզ մոտ հարցեր է առաջացնում։ Այդ երկու գործոնների հետևանքով՝ խմբում աշխատանքը կանգ է առել։ Մենք համարում ենք, որ տվյալ խմբի աշխատանքի վերականգնումը ոչ միայն կնպաստի Հարվային Կովկասում տրանսպորտային-լոգիստիկ համակարգի վերականգնմանը, այլև՝ կապահովի ինչպես ՀՀ-ի, այնպես էլ ողջ տարածաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացումը», – նշել է Զախարովան։