
Խամենեին պատասխանել է Թրամփի նամակին
Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակին՝ օգտվելով Օմանի միջնորդական ծառայություններից․այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
«Թրամփի նամակին պաշտոնական պատասխան է ուղարկվել երեկ` միջնորդությամբ համապատասխան ձևով»,- ասել է նա IRNA գործակալությանը տված հարցազրույցում։
Ըստ Արաղչիի, պատասխանը երկու փաստաթուղթ է պարունակում: Առաջինում ուրվագծվում են Թեհրանի տեսակետները աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ, իսկ երկրորդում ամբողջությամբ վերլուծվում ու մեկնաբանվում են Թրամփի նամակում պարունակվող թեզերը։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Թրամփը իր «Truth Social» էջում գրել էր, որ ուղերձ է հղել Խամենեին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանի առաջնորդը, մեկնաբանելով Ամերիկայի նախագահի այս հայտարարությունը, ընդգծել է, որ իր երկիրը երկխոսության չի գնա ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին։