31 Մար
2025
16.2° c ԵՐԵՎԱՆ
14.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի հետ սերտորեն համագործակցող եվրոպական երկրները կարող են հակադրվել ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի կուրսին․ վերլուծաբան

Ադրբեջանի հետ սերտորեն համագործակցող եվրոպական երկրները կարող են հակադրվել ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի կուրսին․ վերլուծաբան

Նիկոլ Փաշինյանի որդեգրած գծի մարտավարական նպատակներից մեկը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ճանապարհին սեփական օրակարգ դնելու ցանկությունն է. նշել է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը` Свабодная Пресса-ի հետ զրույցում։

«Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարը 7 տարուց էլ քիչ է, ինչ իշխանության է։ Եթե անգամ 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած բոլոր արտաքին քաղաքական իրադարձությունները չլինեին, Նիկոլ Փաշինյանի թիմին նախընտրական քարոզարշավի շրջանակում պետք էր մի մեծ նախագիծ, որը կնշանակեր ոչ միայն իներցիա, այլև երկրի զարգացման նոր հորիզոն՝ ընտրողներին մոբիլիզացնելու համար։ Ավելին, սա պետք է լինի նախագիծ, որը կտարբերի իշխող կուսակցությանը հիմնական մրցակիցներից», – կարծում է վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի քաղաքականության ավելի երկարաժամկետ նպատակների շրջանակներում եվրաինտեգրման հռչակված կուրսը կարող է փաստարկ լինել Հայաստանի համար ԵՄ-ից և եվրոպական առանցքային տերություններից տարբեր նախապատվություններ և աջակցության միջոցներ ստանալու համար։ Մինչ այժմ, սակայն, ԵՄ-ը Հայաստանին կոնկրետ երաշխիքներ չի տվել նման հեռանկարների վերաբերյալ։ Այդումենայնիվ, ըստ Նեյժմակովի, չի կարելի պնդել, որ Հայաստանի՝ ավելի հեռավոր ապագայում ԵՄ-ին անդամակցելու հավանականությունը լիովին ֆանտաստիկ է։ Եթե ապագայում Վրաստան-Եվրամիություն հարաբերություններում լուրջ «ջերմացում» տեղի ունենար, և պաշտոնական Թբիլիսիի կուրսը դեպի եվրաինտեգրում ավելի ակտիվանա, դա կարող է նաև արագացնել Երևանի ուղին դեպի եվրաինտեգրում։

Մյուս կողմից՝ մինչ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները մնում են բարդ, այն երկրները, որոնք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի հետ, օրինակ՝ Հունգարիան, կարող են հակադրվել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի կուրսին։ Ընդհանուր առմամբ՝ ԵՄ երկրների դիրքորոշումն այս ոլորտում կախված կլինի բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ԵՄ հարաբերություններից։ «Հասկանալի է, որ նման իրավիճակը Հայաստանի համար կուղեկցվի լուրջ տնտեսական ռիսկերով։ Հավանաբար, Նիկոլ Փաշինյանն այս դեպքում ելնում է նրանից, որ քանի որ եվրաինտեգրումն առնվազն արագ գործընթաց չէ, իրավիճակը թույլ կտա տնտեսական բեկման չգնալ ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ, մինչդեռ Հայաստանը պատրաստ չէ դրան և չկան ԵՄ-ից կոնկրետ երաշխիքներ։ Հաշվի առնելով, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին ամեն դեպքում մոտ ապագայի խնդիր չէ, Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կշարունակի սպասողական դիրքորոշում ունենալ», – կարծում է վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ նման միտումները կարող են լրացուցիչ շարժառիթ դառնալ Ռուսաստանի համար՝ աջակցելու Հայաստանում ընդդիմությանը և, հնարավոր է, որոնելու նոր խոստումնալից առաջնորդների, ովքեր պատրաստ կլինեն աշխատել Մոսկվայի հետ: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն արդեն ցույց է տվել, որ կարող է պահպանել իշխանությունը նույնիսկ վտանգավոր ճգնաժամային իրավիճակներում, և նրա դեմ ուղղված բողոքի արշավները դեռևս հիմնարար հաջողությունների չեն հասել։ Սակայն դա չի փոխում այն փաստը, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կարող են լուրջ մարտահրավեր դառնալ Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։

 

Ռազմագերիներ