
Թուրքական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել արտահերթ նախագահական ընտրության համար
Թուրքական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու համար։ Այն սկսվել է սևծովյան Տրապիզոնի նահանգի Աքքաբաթ կոմսությունից, որտեղ ծնվել է Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
«Մենք սկսում ենք ստորագրահավաքի արշավ՝ նախագահի մեր թեկնածու, քաղաքապետ Էքրեմի ազատ արձակման և ընտրության անցկացման պահանջով»,- հայտարարել է Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգուր Օզելիը։
Թուրքիայում նախագահական ընտրությունը նախատեսված է 2028 թվականին, սակայն ընդդիմությունը պահանջում է անցկացնել արտահերթ ընտրություն։ Մարտի 23-ին ԱԺԿ-ն անցկացրեց փրայմերիզ՝ նախագահի թեկնածուին որոշելու համար։ Ավելի քան 14,8 միլիոն մարդ պաշտպանել է Իմամօղլուի թեկնածությունը, ավելի վաղ հայտնել էր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը։
Հիշեցնենք, որ Իմամօղլուն կալանավորվել էր մարտի 19-ին կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով, իսկ մարտի 23-ին ձերբակալվել էր դատարանի որոշմամբ։ Թուրքիայում վերջին շաբաթվա ընթացքում բողոքի ալիք է բարձրացել։ Ներքին գործերի նախարարության տվյալներով առնվազն 1800 մարդ բերման է ենթարկվել, 260-ը՝ ձերբակալվել։ Ամենամեծ ցույցերը կազմակերպվել են Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում։