
Ընտրատեղամասերը փակվել են, սկսվել է ձայների հաշվարկը
Ժամը 20-ի դրությամբ Գյումրի և Փարաքար համայնքների ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվել է, և սկսվել է ձայների հաշվարկը:
Գյումրիում և Փարաքարում քվեարկությանը մասնակցել է 49014 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 37.07%-ը:
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրությանը մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 46.90%-ը:
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը ժամը 20:00-ի դրությամբ՝ մասնակցել է 39181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը:
Ընտրություններն ուղեկցվել են վեճերով, խախտումներով, հոսանքի խափանումներով, երբեմն նույնիսկ սպառնալիքներով: Եղել են նաև ուղորդված քվերակության դեպքեր։ Դիտորդները տասնյակ խախտումներ են արձանագրել:
Ահազանգ է հնչեցրել «Մեր քաղաքը» դաշինքը։ Ըստ նրանց՝ Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանին։ Ըստ ականատեսների` նրա հետ եղել է ևս մի կին։ Ավելի ուշ փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ նրանց ձերբակալել են հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները։