
Մեր քվեներով պատրաստ ենք սատարել առավելագույն ձայներ հավաքած ուժին, որպեսզի ՔՊ-ն իշխանազրկվի․ «Մայր Հայաստան»
«Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես և հայտարարել էր, պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանազրկվի Գյումրիում. այս մասին գիշերը հրավիրված հրատապ ասուլիսում հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Մեր Գյումրիի թիմը շատ կարճ ժամանակում հասցրեց հսկայական գործ անել, եթե ժամանակը ներեր, հաստատ կկարողանայինք ավելի մեծ թվով ձայներ ստանալ։ Մենք մեր առջև որպես նվազագույն նպատակ դրել էինք իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և հիմա դրա համար բոլոր հնարավորությունները կան։ Այժմ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի։ Մենք դեռ ընտրություններից առաջ ասել էինք, որ հավակնում ենք առավելագույն ձայներին, բայց եթե այնպես ստացվի, որ եթե ընդդիմադիր որևէ այլ ուժ ստանա առավելագույն ձայներ, ապա պատրաստ ենք մեր քվեով՝ առանց կոալիցիոն որևէ բանակցությունների և աթոռակռվի մեջ մտնելու, սատարել այդ ուժին, որպեսզի ՔՊ-ն իշխանազրկվի»,- հայտնել է Թևանյանը։