
ԵՄ ինտեգրման օրենքի ընդունումը ՀՀ-ին մանևրելու քիչ տեղ է թողնում․ ի՞նչ է սպասվում հետո
Անցած շաբաթ Հայաստանը պատմական իրադարձության ականատես եղավ։ Եվրամիությանը լիարժեք անդամակցության անհրաժեշտությունը դարձավ նրա ազգային օրենսդրության մի մասը: Հատկանշական է, որ համապատասխան օրինագիծը ներկայացվել է ոչ թե կառավարության կամ պատգամավորների կողմից, այլ՝ համազգային նախաձեռնությամբ. այս մասին գրել է European Pravda պարբերականը։
Ղարաբաղյան պատերազմը, որի արդյունքում Ադրբեջանը լիովին հաստատել է իր վերահսկողությունը Ղարաբաղի վրա, հիմնովին փոխել է Հայաստանը։
Ռուսաստանի գործողություններից հիասթափությունը, ինչպես նաև ազգային անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունն՝ առանց դաշնակիցների վրա հենվելու, հիմք են դարձել սկսելու ԵՄ հնարավոր անդամակցության վերաբերյալ քննարկումները:
Անցյալ մարտին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով առաջարկում էր դիտարկել Հայաստանի՝ ԵՄ–ին հնարավոր անդամակցությունը։ Սակայն, չնայած այս զարգացումներին, Երևանը չէր շտապում Ռուսաստանից շրջվել դեպի Եվրոպա։ Հայաստանի պաշտոնյաները պարզապես ակնարկել են ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորության մասին, սակայն խուսափել են կոնկրետ գործողություններից։
«Այս տատանումների ամենատարածված բացատրությունն այն է, որ Երևանը գործում էր Արևմուտքի խիստ հանձնարարականներով՝ հավանաբար խնդրելով Հայաստանին զսպել իր եվրոպական հավակնություններն առնվազն մինչև Ռուսաստան–Ուկրաինա պատերազմի ավարտը: Այնուամենայնիվ, այս պատճառաբանությունը Հայաստանում շատերի համար գոհացուցիչ չէր, ինչը հանգեցրել է ԵՄ–ին անդամակցելու ձգտումները ազգային օրենսդրության մեջ ամրագրելու նախաձեռնությանը», – գրել է պարբերականը:
Եվրոպամետ օրինագծի համար ստորագրահավաքը սկսվել է 2023 թվականի կեսերին։ Մինչև տարեվերջ անհրաժեշտ թվով ստորագրություններ են ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն էլ ստուգել է դրանց իսկությունը։
Չնայած մտավախություններին, որ կառավարությունը կարող է «սառեցնել» օրինագիծը մինչև գալիք խորհրդարանական ընտրությունների, օրենսդրությունն ընդունվել է համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի միջոցով և երկու ընթերցմամբ էլ ընդամենը երկու ամսում:
Ռուսաստանն արդեն արձագանքել է Հայաստանի նոր օրենքին՝ հայտարարելով, որ այն հակասում է երկրի ներկայիս անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Սակայն Մոսկվան ձեռնպահ է մնում անհապաղ պատասխան միջոցներից։
Նախկինում ռուս պաշտոնյաները զգուշացրել էին, որ օրինագծի ընդունումը կդիտվի որպես Երևանի առաջին քայլը ԵԱՏՄ–ից դուրս գալու ուղղությամբ, որը կարող է հանգեցնել հայկական արտահանման առևտրային սահմանափակումների։ Սակայն Մոսկվան առայժմ սահմանափակում է իր արձագանքը «երկու աթոռին նստելու անհնարինության» մասին հայտարարություններով։
Մոսկվայի կողմից բուռն արձագանքի բացակայությունը, հավանաբար, կարելի է վերագրել Ուկրաինայում պատերազմի և Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի իրավիճակին: Հաշվի առնելով այս մարտահրավերները՝ Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ առևտրային պատերազմ սկսել Հայաստանի հետ։
«ԵՄ ինտեգրման այս օրենքի ընդունումը Հայաստանի կառավարությանը մանևրելու քիչ տեղ է թողնում։ Այն այլևս չի կարող պահպանել անդամակցությունը ռուսամետ ԵԱՏՄ–ին՝ միաժամանակ բարձրաձայնելով եվրոպական հավակնությունների մասին։ Արդյունքում՝ ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելը կլինի ճշմարտության իրական պահը։ Դա կբացահայտի, թե արդյոք Հայաստանն իսկապես հավատարիմ է եվրաինտեգրմանը, արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է Հայաստանին պահել իր ազդեցության գոտում, և արդյոք ԵՄ–ը պատրաստ է Հայաստանին թեկնածուի կարգավիճակ տալ», – նշվել է հոդվածում: