
Շտայնմայերն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության որոնման մեջ է․ DW
Որպես Գերմանիայի նախագահ` օրերս կայացած ուղևորությունը Շտայնմայերի առաջին այցն էր Հարավային Կովկաս, սակայն նա նախկինում եղել է այստեղ, երբ զբաղեցրել է Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնը՝ վերջին անգամ 2016-ին: «Լավ է վերադառնալ»,- ասել է քաղաքական գործիչը Ալիևի հետ իր նստավայրում ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ: Մինչ այս երկուսն էլ մեկ ժամ դեմ առ դեմ զրուցել են, գրել է Deutsche Welle-ն։
Ինչպես նշվել է, Շտայնմայերի՝ որպես նախարարի փորձն ու անձնական ծանոթությունը հատկապես օգտակար էին այս ճանապարհորդության ընթացքում, որը նա սկսել էր մարտի 30-ին Հայաստանից։ «Դա դիվանագիտության վարպետության դաս էր։ Ի՞նչ և ինչպե՞ս ասել, և ինչի՞ մասին լռել մի տարածաշրջանում, որտեղ վերջերս ավարտվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ 30 տարուց ավելի պատերազմը: Ինչպե՞ս կարելի է օգնել ամրապնդել ձևավորվող, բայց ոչ պաշտոնական խաղաղությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Թեև ներկայացուցչական գործառույթներ ունեցող ԳԴՀ նախագահի հանդիպումների մեծ մասը կապված չէին քաղաքականության հետ, իրականում սա նաև ոչ պաշտոնական, այսպես կոչված, «մաքոքային» դիվանագիտություն էր», – գրել է գործակալությունը՝ շեշտելով, որ ուղևորության գլխավոր թեման Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հետագա ճակատագիրն էր։
Շտայնմայերը նշել է, որ «խրախուսում» է երկու կողմերին առաջ շարժվել՝ արագ ստորագրման և վավերացման ուղղությամբ:
Ալիևի հետ մամուլի ասուլիսում Գերմանիայի նախագահը կոչ է արել «օգտագործել պահը»՝ հասկացնելով, որ իրավիճակը կարող է փոխվել։ Երևանում մարտի 31-ին նա հանդիպել է իր հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ովքեր, կարծես թե, պատրաստ են ստորագրման։ Բայց Բաքուն՝ որպես Ղարաբաղի համար պատերազմում հաղթող և ավելի ուժեղ կողմ, պայմաններ է առաջ քաշում։
Ալիևը չի հրապարակել խաղաղ համաձայնագրի նախագծի մանրամասները՝ նշելով, որ այն ունի 17 կետ, և «բոլորն էլ կարևոր են»։
Հայաստանում Շտայնմայերի քաղաքական խոսակցությունների կարևոր թեման Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված որոշումն էր։ Գերմանիայի նախագահի այցից քիչ առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենք «ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին»։ Շտայնմայերն, այս առումով, նշել է Երևանի «խիզախ որոշումները», որոնք տասնամյակների այլ կապերից հետո «նոր կողմնորոշում» են ստացել։ Նա նկատի ուներ Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ հարաբերությունները։ Նրանք ճեղքվեցին այն բանից հետո, երբ Մոսկվան չխանգարեց Ադրբեջանի պատերազմին Ղարաբաղում։ «Իհարկե, Հայաստանում բարեփոխումների ուղղությամբ շատ աշխատանք պետք է անել»,- նշել է Գերմանիայի նախագահը՝ DW-ի հարցին պատասխանելով։ Նա նշել է․ «Զրույցներում ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի առջև ընկած ճանապարհի երկարությունը (ԵՄ) շատ իրատեսական է դիտվում»։ Գերմանիան, ըստ նրա, արդեն իսկ աջակցում է երկրին և կշարունակի դա անել Երևանի և Բրյուսելի հարաբերություններում Գերմանիայի նախագահի «գործընկերության օրակարգի» շրջանակներում։