
Ուկրաինայի զինադադարի հեռանկարն ազդարարում է Ռուսաստանի վերադարձը Հարավային Կովկաս․ Carnegie Politica
Ուկրաինայում եռամյա լայնածավալ պատերազմը Մոսկվայի և Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների նոր մոդել է ձևավորել։ Կրեմլի զբաղվածությունը Ուկրաինայում թույլ է տվել, որ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանն ավելի հաստատակամ լինեն Մոսկվայի հետ հարաբերություններում և ավելի մեծ ազատություն ունենան սեփական արտաքին քաղաքականությունը ձևավորելու համար: Այժմ, սակայն, այս «նոր իրականությունը», կարծես թե, փոխելու ժամանակ է: Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունները հույսեր են ներշնչել Ուկրաինայում պատերազմի շուտափույթ ավարտի համար, և արդյունքում՝ ստիպել են տարածաշրջանի քաղաքական գործիչներին վերնայել հին դիվանագիտական ուղիները. գրել է Carnegie Politica-ն։
Ինչպես նշվել է, 2022 թվականից Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և սկսել է աշխատել օրենքների վրա՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթաց սկսելու համար։
Մինչդեռ Ադրբեջանը հասել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղի շրջանից, փակել է Ռոսսոտրուդնիչեստվոյի՝ Բաքվի գրասենյակները և հրաժարվել է քողարկել 2024 թվականի դեկտեմբերին ռուսական հակաօդային պաշտպանության կողմից «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի ակնհայտ խոցման փաստը։
Այդ ամենը, կարծես, հանգեցնելու էր ռուս-ադրբեջանական հարաբերությունների խզման: Սակայն երեք ամիս անց երկու կողմերը, կարծես թե, հարթեցին իրենց տարաձայնությունները միանգամայն ավանդական եղանակով՝ քաղաքական ժեստերի և ֆինանսական փոխհատուցման խառնուրդով: Այնուամենայնիվ, չափազանց անհավանական է, որ միայն Մոսկվայի քաղաքական առաջարկներն էին, որ կարողացան հանգստացնել Բաքվին: Ադրբեջանի ղեկավարությունը նույնպես գիտակցում էր, որ միջազգային իրավիճակը զարգանում է, և որոշեց, որ Մոսկվայի հետ հակամարտության մեջ մտնելը կարող է թանկ արժենալ:
Ամենից առաջ Ուկրաինայում հրադադարի հնարավորությունն է, որ փոխել է հաշվարկը Բաքվում։ Բաքուն նաև նկատել է տեղաշարժ հարևան Հայաստանում: Մարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական գերատեսչություններին հրամայել է վերականգնել հարաբերությունները ռուս գործընկերների հետ և մասնակցել համատեղ միջոցառումներին՝ «աշխարհաքաղաքական վերջին փոփոխությունների» պատճառով։
Ըստ հոդվածի՝ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ։ Եթե մարտերն ավարտվեն Ուկրաինայում, ապա հնարավոր է, որ ռուսական պաշտպանական արդյունաբերությունը կունենա զգալի պահեստային հզորություններ և կարող է մեծացնել զենքի արտահանումը (2022 թվականին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում սառնություն առաջացրեցին զենքի մատակարարման ձգձգումները): Իհարկե, արտահանումը անմիջապես չի սկսվի, քանի որ Ռուսաստանին ժամանակ կպահանջվի, որպեսզի վերակառուցի իր վնասված բանակը: Բայց նույնիսկ Հայաստանին ռուսական ռազմական օգնության վերսկսման հեռանկարը կամրապնդի Երևանի դիրքերը Բաքվի նկատմամբ։
Թվում է, թե Ուկրաինայում պատերազմի ավարտի զուտ հնարավորությունն իջեցրել է վարագույրը մի ժամանակաշրջանի վրա, երբ հարավկովկասյան երկրները կարողացան վարել արտաքին քաղաքականություն, որն ավելի անկախ էր Մոսկվայից։
Բացի այդ` ԵՄ-ի՝ Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանելու ձախողումը վնասել է Եվրոպայի գրավչությունը։ Սա տեսանելի է ոչ միայն Հայաստանում, այլև՝ Վրաստանում, որտեղ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հաջողվել է համոզել հիմնականում ԵՄ-ի կողմնակից ընտրազանգվածի մի մեծ մասի, որ Ռուսաստանի հետ պատերազմի իրական վտանգ կա, եթե երկիրը պատշաճ հարաբերություններ չպահպանի Մոսկվայի հետ: