17 Ապր
2025
9.2° c ԵՐԵՎԱՆ
4.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ի և Թեհրանի միջև համաձայնագիրը չի նախատեսում միմյանց ռազմական օգնության տրամադրում․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ի և Թեհրանի միջև համաձայնագիրը չի նախատեսում միմյանց ռազմական օգնության տրամադրում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Իրանի միջև կնքված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը չի նախատեսում միմյանց ռազմական օգնություն տրամադրել. հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Ցանկանում եմ ընդգծել, որ համաձայնագրի կնքումը չի նշանակում Իրանի հետ ռազմական դաշինքի ստեղծում և չի նախատեսում միմյանց ռազմական օգնության տրամադրում»,- նշել է Ռուդենկոն՝ ելույթ ունենալով Պետդումայում՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ։

Միևնույն ժամանակ, Ռուդենկոն ընդգծել է, որ փաստաթուղթը պարունակում է 3-րդ հոդված՝ Ռուսաստանի կամ Իրանի վրա հարձակման դեպքում՝ ագրեսորին ռազմական օգնություն չտրամադրելու, ինչպես նաև ՄԱԿի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ նորմերի հիման վրա ծագող տարաձայնությունների լուծմանն օժանդակելու մասին։

«Առանձին հոդված է հատկացված միակողմանի հարկադրական միջոցներին հակազդելուն: Կողմերը դրանք հստակ սահմանում են որպես անօրինական և ոչ բարեկամական գործողություններ և պարտավորվում են համակարգել ջանքերը միջազգային հարաբերություններում նման միջոցների կիրառման արատավոր պրակտիկայի վերացման ուղղությամբ»,- հավելել է փոխնախարարը:

Նա հիշեցրել է, որ պայմանագիրը կնքվել է 20 տարի ժամկետով՝ 5 տարի ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ։

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Ըստ փաստաթղթի՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտում, սերտորեն համակարգել գործունեությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, ինչը համապատասխանում է երկարաժամկետ, համապարփակ և ռազմավարական գործընկերությանը։

Ռազմագերիներ