
Կոռուպցիա՞, թե կոնսորցիում․ ովքեր են Կասկադ համալիրի կառուցապատողները, և ինչու է զոհաբերվում կանաչ տարածքը․ «Հետք»
Կասկադ համալիրը վերակառուցող «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ի հետ կոնսորցիում կազմող ընկերություններից երկուսը բեռնափոխադրող օտարերկրյա ընկերություններ են, երրորդը Հայաստանում գրանցված նոր ընկերություն է․ այս մասին գրում է «Հետք»–ը։
Երևանի քաղաքապետարանը «Հետքին» հայտնել է, որ Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Ջի Թի Բի Դիվելոփմենթ», «Ռեալ Ջի», «Կարգո Սըլուշն բրոքերեյջ», «Կարգո Էքսպրես Ջորջիա» ՍՊԸ-ներից կազմված կոնսորցիումը, որի անունից հանդես է գալիս «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերությունը:
«Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հունվարի 15-ի որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի կողմից, որի նախագահը նույնպես Տիգրան Ավինյանն է։
«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ին արդեն անդրադարձել ենք։ Հիշեցնենք՝ այն հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին։ Դրա իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Վերջինս «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացված է Երևանի ավագանիում, 2023-ի ավագանու ընտրություններից հետո համագործակցության հուշագիր է ստորագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
«Ռեալ Ջի» ՍՊԸ-ն ևս Գրիգոր Տեր-Ղազարյանինն է։ Այն հիմնադրվել է 2025թ․ փետրվարի 4-ին։
Մյուս երկուսը բեռնափոխադրում իրականացնող ամերիկյան ընկերություններ են։ Առաջինը՝ «Կարգո Սըլուշն բրոքերեյջ»-ը (Cargo Solution Brokerage ), գրանցված է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆոնտանա քաղաքում։ Այն «Կարգո Սոլուշն էքսպրես» ընկերությունների խմբից է, որի գործադիր տնօրենը Գրիգոր Տեր-Ղազարյանի հնդիկ գործընկերն է՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը (Bobby Kang)։
«Կարգո Սըլուշն բրոքերեյջ»–ի կայքում նշված պաշտոնական էլեկտրոնային հասցեին նամակ գրեցինք՝ խնդրելով մեկնաբանել իրենց ներկայացվածությունը և հետաքրքրությունը հայաստանյան այս նախագծում, ներդրումների չափը, սպասելիքները նախագծից։ Մեկ շաբաթ առաջ ուղարկված նամակին դեռ չեն պատասխանել։
Գրիգոր Տեր-Ղազարյանը, հիշեցնենք, մի շարք այլ բիզնեսներում է ներգրավված, հանրության ուշադրությանն արժանացավ Երասխում հիմնադրված, ապա Արարատ գյուղ տեղափոխված ամրանների գործարանի առնչությամբ։ Գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50 % մասնակցություն ունի։ Բաժնետոմսերի մնացած 50%-ը վերը հիշատակված ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։
Կասկադը վերակառուցող կոնսորցիումի երկրորդ ընկերությունը «Կարգո Էքսպրես Ջորջիա»-ն (Cargo Express Georgia) է։ Ընկերության կայքում դրա գրանցման վայրը նշված չէ։ Սակայն բաց աղբյուրների համաձայն՝ այն գործում է ԱՄՆ Ջորջիա նահանգում։ Ընկերությունը 2023-ին հիմնադրել է նույն Բոբբի Սինգ Կանգը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։