
Հարավային Կովկասը «ցածր ազդեցության» գոտի է՝ կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության տեսանկյունից. ՄԱԿ
Համեմատած Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մնացած երկրների հետ՝ կլիմայի փոփոխության ազդեցությունն առայժմ չափավոր է Հարավային Կովկասի երկրների համար: Այս մասին նշվել է ՄԱԿ-ի կողմից հրապարակված ընդարձակ հետազոտության մեջ, որը չափում է գլոբալ տաքացման ազդեցությունը տնտեսական զարգացման վրա:
ՄԱԿ-ի զեկույցը, որը կոչվում է «Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հետազոտություն 2025․ հասկանալով կլիմայի փոփոխության մակրոտնտեսական հետևանքները», լույս է սփռում «մակրոտնտեսական և կլիմայի փոփոխության շղթայի» վրա, որը կձևավորի տնտեսական զարգացումն առաջիկա տասնամյակներում:
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը ներկայումս համեմատաբար լավ վիճակում են ապագա մարտահրավերներին դիմակայելու համար, ցույց են տալիս զեկույցում պարունակվող տվյալները։ Օրինակ՝ «կլիմայական գործոնների» հետևանքով առաջացած ՀՆԱ-ի տոկոսային գնահատված միջին տարեկան կորուստը կազմում է 4,8 տոկոս ՄԱԿ-ի զեկույցում ընդգրկված բոլոր 30 երկրների համար: Սակայն Հարավային Կովկասի երկրների համար գնահատված կորուստները միջինից ցածր են, իսկ Ադրբեջանն ունի ամենացածր ցուցանիշը՝ մոտ 3 տոկոս:
Կլիմայի փոփոխության պատճառով՝ Հարավային Կովկասի պետությունների գյուղատնտեսական ապրանքների արտադրության արժեքի գնահատված կորուստները նույնպես շատ ցածր են Ասիա-խաղաղօվկիանոսյան միջինից, նշվում է ուսումնասիրության մեջ։
Հետազոտությունը պնդում է, որ գլոբալ տաքացումը և քաղաքականության արձագանքները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան և առևտուրը, կխորացնեն գնաճային ճնշումը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Կանխատեսվում է, որ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում տաքացման հետ կապված գնաճերը կլինեն միջին ցուցանիշից ցածր:
ՄԱԿ-ի ուսումնասիրությունը Հարավային Կովկասին բարձր գնահատականներ չի տալիս կլիմայական մարտահրավերներին դիմակայելու ինստիտուցիոնալ կարողությունների համար: Հետազոտության մեջ հրապարակված «հաղթահարման կարողությունների վերլուծությունը» ցույց է տալիս, որ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը միջինից վատն են «բանկային հատվածի հզորության» և «ֆինանսական զարգացման ինդեքսի» կատեգորիաներում։ Հայաստանը և Ադրբեջանը նաև միջինից ցածր ցուցանիշ ունեն «կլիմայի ֆինանսավորման մոբիլիզացիայի» և «կանաչ ֆինանսական քաղաքականության կիրառման» առումով։
ՄԱԿ-ը առաջարկում է «դիմադրողականությունը բարձրացնելու» մի շարք ուղիներ՝ ներառյալ հանրային ֆինանսների կառավարման համակարգերի բարելավումը, սոցիալական ապահովության ցանցերի ավելացումը, հարկերի բազայի և հարկահավաքման ավելի արդյունավետ համակարգերի ընդլայնումը, կանաչ հարկաբյուջետային խթանման միջոցների մշակումը և համատեղ գործողությունների ավելի բարձր մակարդակի խթանումը մարտահրավերներին դիմակայելու համար: