
Հայ-իրանական զորավարժությունն աննախադեպ է և քաղաքական կարևոր նշանակություն ունի․ Հակոբ Բադալյան
Անկասկած հայ-իրանական զորավարժությունը շատ կարևոր է, ըստ էության` որոշակի իմաստով աննախադեպ: ABC media-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով կայացած հայ-իրանական զորավարժություններին։
«Իհարկե, զորավարժության մասնակից հայաստանյան ստորաբաժանումը Հայաստանի տարածքում է գործել, իսկ իրանականը՝ իրենց տարածքում, բայց, այդուհանդերձ, սա պարզապես բովանդակային հարց է․ համատեղ զորավարժության հանգամանքը սրանից ամենևին չի տուժում կամ չի նվազում, և այս իմաստով սա առաջին հերթին, իհարկե, կարող է լինել հայ-իրանական գործակցության խորացման, նաև մասնավորապես պաշտպանական ոլորտում գործակցության խորացման կարևոր քայլ»,-ասել է Բադալյանը։
Փորձագետը շեշտել է, որ զորավարժությունը նաև քաղաքական նշանակություն ունի։ Ըստ նրա՝ անկասկած սա իր մեջ քաղաքական ազդակ է պարունակում առ այն, որ Երևանն ու Իրանը ունեն ընդհանուր գործողությունների առավել գործնական տրամադրվածություն, կայունության և խաղաղության կառավարման ապահովման ուղղությամբ աշխատանքի առումով։
«Սա անշուշտ ազդակ է ոչ միայն, և գուցե ոչ այնքան Ադրբեջանին, որքան այն խաղացողներին, որոնք ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում կարող են դիտարկել Կովկասում, այսպես ասած, ապակայունացման վրա խաղադրույք անելու որևէ տարբերակ կամ որևէ սցենար։ Բնականաբար, այդ սցենարը իրականացվելու է Ադրբեջանի միջոցով և այստեղ անշուշտ կարող ենք խոսել նաև Ադրբեջանին ուղղարկված ազդակի մասին, բայց ավելի ընդգրկուն իմաստ կա քաղաքական մեսիջի առումով, և դա չի վերաբերում միայն Ադրբեջանին»,-նկատել է վերլուծաբանը։
Միևնույն ժամանակ Բադալյանն ուշադրություն է հրավիրել մեկ այլ կարևոր հանգամանքի վրա։
«Հայ-իրանական այս զորավարժությունը տեղի է ունենում այն խոսակցությունների ֆոնին, որոնք կապված են Իրանի նախագահի՝ Ադրբեջան այցի հետ։ Տեղեկություններ են տարածվում, որ այդ այցն է նախապատրաստվում և մոտ ապագայում, շատ մոտ ապագայում՝ առաջիկա օրերին գուցե կլինի այդպիսի այց։ Հատկանշական է, որ այդ այցից առաջ լինում է զորավարժության վերաբերյալ հայ-իրանական այս պայմանավորվածությունը և այն իրականացվում է, ընդ որում՝ մյուս հատկանշական հանգամանքն էլ գուցե այն է, որ փաստորեն կողմերը կարողացել էին այդ զորավարժության վերաբերյալ պայմանավորվածությունը, այսպես ասենք, զերծ պահել արտահոսքից։ Կարծես թե մինչ հայտարարելը, մինչ պաշտոնապես դրա մասին տեղեկացնելը՝ չէր տարածվել որևէ ոչ պաշտոնական տեղեկություն, որ սպասվում է հայ-իրանական համատեղ զորավարժություն։ Սա ևս որոշակի ցուցիչ է, թե կողմերը ինչպիսի խնամքով են մոտեցել այս գործողությանը և դա նշանակում է, թե ինչպիսի մեծ նշանակություն են տվել դրան»,-եզրափակել է Բադալյանը։