
Աշխարհում չկա մի համաձայնագիր, որը պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին․ Միրզոյան
Արարատ Միրզոյանի՝ Անթալիայում կատարած հայտարարությունների հիմնական կետերը՝ ստորև
- Չեմ կարծում, որ անցյալի մեջ խորանալն այս պահին կառուցողական կլինի և կօգնի մեզ բոլորիս հասնել կառուցողական և բոլորի համար օգտակար լուծումների: Ես կնախընտրեի կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա, քանի որ եթե մենք կենտրոնանանք խոչընդոտների վրա, պատմության հարցերի վրա, սկսենք քննարկել՝ ո՞ր տարածքը 100 տարի առաջ ում էր պատկանում կամ ո՞վ է մյուս ազգից ավելի շատ մարդ սպանել, կարծում եմ այդպես մենք համատեղ կերպով կհանգենք նոր հակամարտության:
- Երկար բանակցություններից հետո մեզ հաջողվեց համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և մենք նույնպես առաջարկեցինք անմիջապես սկսել խորհրդակցությունները՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը, ժամանակը և օրը որոշելու համար: Արդյո՞ք այս խաղաղության համաձայնագիրը, համաձայնեցված տեքստը պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին: Իհարկե ոչ: Եվ ես կարծում եմ, որ աշխարհում չկա մի համաձայնագիր, որը պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին և ընդգրկում է բոլոր հնարավոր խնդիրները: Սա հիմք է, սա հարաբերությունների սկիզբ է:
- Մենք մի քանի անգամ արտահայտել ենք մեր պատրաստակամությունը՝ սկսել և նախաձեռնել Մինսկի ձևաչափի կառույցների լուծարման գործընթացը: Այդ կառույցները կարող է լուծարվել այն դեպքում, երբ հակամարտություն չկա: Ուստի սա բավական հետաքրքիր հարց է. ունե՞նք արդյոք այսօր հակամարտություն, թե՞ ոչ: Գետնի վրա, փաստացի, հակամարտություն չկա, սակայն փաստաթղթերի մակարդակով չկա խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասով ստորագրված և վավերացված համաձայնագիր: Մենք պետք է ստորագրենք համաձայնագիրն, ինստիտուցիոնալ կերպով վերջ դնենք այս հակամարտությանը, լուծարել այդ կառույցները հենց նույն օրը, եթե ցանկանում եք նույն պահին, կամ, չգիտեմ, տաս րոպե անց, կամ մի փաստաթղթից հետո մյուսը ստորագրվի: Ես նույնիսկ չեմ ասում, թե որ փաստաթուղթը պետք է առաջինը ստորագրվի: Եկե՛ք ստորագրենք խաղաղության պայմանագիրը: Եկե՛ք ստորագրենք համատեղ դիմում ԵԱՀԿ անդամ պետություններին կամ քարտուղարությանը՝ լուծարման վերաբերյալ: Եկե՛ք ստեղծենք երկկողմ հանձնաժողով, որի մասին ես հենց նոր խոսում էի, և սկսենք բոլոր հնարավոր հարցերի քննարկումը:
- Նախարար Բայրամովը նաև խոսեց Հայաստանի Սահմանադրության մասին: Լավ, եթե կուզեք՝ ես էլ կասեմ. մենք նույնպես ունենք մտահոգություն՝ կապված Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության հետ: Եվ մենք սա չենք ասում ուղղակի՝ հայելային սկզբունքով մտահոգություն հայտնելու կամ պայման ապահովելու նպատակով: Ես կարող եմ բացատրել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրին՝ այն փաստաթղթին, որով Ադրբեջանի Հանրապետությունը հռչակում է իրեն որպես Ադրբեջանի Առաջին (Ժողովրդավարական) Հանրապետության իրավահաջորդ: Եվ մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի Առաջին Հանրապետությունը հռչակել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների վրա, քան այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունն է՝ ներառյալ Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքների շուրջ 60%-ի վրա կամ ավելի:
- Հիմա ունենք աննախադեպ իրավիճակ. Հայաստանը և Ադրբեջանը, կրկնում եմ՝ խնդրում եմ կենտրոնանալ այս փաստի վրա, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել իրենց միջև համաձայնագրի տեքստի շուրջ՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին: Այս նախադասությունը տալիս է բազմաթիվ հարցերի և մտահոգությունների պատասխաններ: Արդյո՞ք մենք պատրաստվում ենք կառուցել այս հիմքի վրա, թե՞ մենք պատրաստվում ենք խարխլել այս շատ շոշափելի, պատմական ձեռքբերումը, իսկ հետո բերել մեկ այլ հարց բանակցությունների սեղանին, և հետո մեկ այլ հարց: Սա կարող է վերածվել անվերջ գործընթացի: Արդյո՞ք մենք կենտրոնանում ենք ապագայի, թե՞ անցյալի վրա:
- Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում չկա որևէ ձևակերպում, որն ասում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Չկա։ Ընդհակառակը, ես նշել եմ, որ մենք ունենք մեր մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի Սահմանադրության հետ։ Բայց հարցն այն է՝ ինչու՞ մենք շարունակաբար չենք բարձրացնում այդ հարցը։ Որովհետև հենց այդ համաձայնագրի տեքստում կան մի շարք դրույթներ։ Դրանցից մեկը ճանաչում է միմյանց տարածքային ամբողջականությունն՝ այնպիսի ձևակերպմամբ, որը լիովին ընդունելի է թե՛ ձեզ, թե՛ մեզ համար, քանի որ մենք արդեն համաձայնել ենք այդ դրույթի շուրջ։