
Ալիևը փորձում է հնարավորինս թանկ «վաճառել» իր ստորագրությունը թե՛ Փաշինյանին, թե՛ արտաքին դերակատարներին․ EADaily
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր Հայաստանն օգտագործում է բոլոր հնարավորությունները Թուրքիային ներգրավելու ջանքերում՝ համոզելու Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ կնքել խաղաղության պայմանագիր․ գրել է EADaily–ին՝ հավելելով, որ Անկարան հասկանում է Երևանի հույսերը, բայց հետևողականորեն հասկացնում է, որ հայկական կողմին օգնությունն այս հարցում չի գա իր «կրտսեր եղբոր» շահերի ոտնահարման հաշվին։
Առայժմ ամեն ինչ սահմանափակվել է նրանով, որ Թուրքիան իր երկու հարևան երկրներին դիրքորոշումների մերձեցման հարթակ է տրամադրում։ Ըստ հոդվածի՝ հնարավոր է, որ տեսանելի ապագայում Անկարան փորձի ակտիվացնել դիվանագիտական ջանքերը և ընդլայնել իր միջնորդությունը։
Հայաստանի իշխանությունները նախկինում մեկ անգամ չէ, որ նշել են, որ պատմական փաստաթղթի ստորագրման վայրն իրենց համար սկզբունքային նշանակություն չունի. կարևորը ժամանակն է, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հնարավորինս մոտեցնել։ Նախագահ Իլհամ Ալիևն, իր հերթին, դժվար թե մերժի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի համապատասխան նախաձեռնությունը, եթե, իհարկե, համաձայնագրի ստորագրման պահը համարի իրեն հարմար և համահունչ իր երկու պահանջների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և «տարածքային պահանջներից» Հայաստանի վերջնական հրաժարման տրամաբանությանը։
Դեռևս 2024 թվականի ապրիլին Էրդողանը վստահություն է հայտնել, որ ներկայումս տարածաշրջանում «նոր կարգ» է ստեղծվում, և որ «ժամանակն է մի կողմ թողնել անհիմն հիշողությունները և ավելի լավ գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից»:
Հայ–ադրբեջանական պատմական համաձայնագրի կնքման պահը մոտեցնելու թուրքական շահագրգռվածությունն իր բնույթով բավականին ընդարձակ է՝ ընդգրկելով մի շարք հարցեր ոչ միայն Հարավային Կովկասի ներկայիս օրակարգից, այլև՝ նրա սահմաններից դուրս։ Նախ՝ Էրդողանը շոյված է իր նկատմամբ Փաշինյանի ընդգծված հարգալից վերաբերմունքից։ Էրդողանը՝ որպես քաղաքական գործիչ, հայտնի է նրանով, որ մեծ նշանակություն է տալիս իր օտարերկրյա գործընկերների խորհրդանիշներին ու ժեստերին։ Համեմատաբար վերջերս տեղի ունեցած նմանատիպ դրվագներից հարկ է նշել Հայաստանի կողմից Պաղեստինի պետական անկախության պաշտոնական ճանաչումը, որը գովելի արձագանք ստացավ նաև Թուրքիայի մայրաքաղաքից։
Փաշինյանը, փոխելով մարտավարությունը, սկսել է խաղալ Էրդողանի ավանդական արտաքին քաղաքական հավակնությունների հետ, որոնք դուրս են գալիս Թուրքիային շրջապատող երկրներից։ Անկարայի համար կարևոր է ամրապնդել իր դերը՝ որպես առանցքային դերակատար Հարավային Կովկասում, որպեսզի հետագայում նմանատիպ կարգավիճակ նախատեսի հարակից տարածաշրջաններում՝ ներառյալ Կենտրոնական Ասիան: Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը Թուրքիային կմոտեցնի այս նպատակին խոստումնալից տրանսպորտային և այլ միջսահմանային նախագծերի միջոցով։ Ներկայիս փակ սահմանները (հայ–թուրքական և հայ–ադրբեջանական) խոչընդոտ են դարձել Անկարայի համար։
Անդրկովկասյան երկու հանրապետությունների միջև խաղաղության թուրքական տեսլականն ամբողջությամբ չի համընկնում ադրբեջանական մոտեցման հետ։ Սա հատկապես նկատելի է խաղաղության պայմանագրի ստորագրման ակնկալվող ժամկետների հարցում։ Թուրքիան նրբանկատորեն և բավականին զուսպ դրդում է Ադրբեջանին արագորեն պաշտոնականացնել պատմական փաստաթուղթը, մինչդեռ «կրտսեր եղբայրը» վճռական է հետաձգել այս իրադարձությունը։ Ալիևը միանգամայն գոհ է «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակից։ Նա լուծել է իր ռազմավարական խնդիրը Ղարաբաղի հարցում, հիմա մնում է իր ստորագրությունը հնարավորինս թանկ «վաճառել» թե՛ Փաշինյանին, թե՛ արտաքին դերակատարներին, ովքեր շահագրգռված են Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությամբ։