16 Ապր
2025
11.1° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փոփոխվող Հարավային Կովկաս․ ու՞ր է գնում ՀՀ-ն, և ի՞նչ աշխարհաքաղաքական շահեր են հետապնդում տարածաշրջանային դերակատարները․ TRENDS

Փոփոխվող Հարավային Կովկաս․ ու՞ր է գնում ՀՀ-ն, և ի՞նչ աշխարհաքաղաքական շահեր են հետապնդում տարածաշրջանային դերակատարները․ TRENDS

Վերջին երկու տարիներին Հայաստանի կողմից ձեռնարկված արտաքին քաղաքականության մի շարք քայլերը վկայում են երկրի ավանդական աշխարհաքաղաքական դիրքորոշման փոփոխման մասին։ Թեև Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ աճող կապերը հաճախ բնութագրվում են որպես վճռական հակառուսական քայլեր, որոնք ուղղված են Հայաստանին դուրս մղելու ռուսական ազդեցության գոտուց, այդուամենայնիվ, Երևանը փորձում է դիվերսիֆիկացված, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն կառուցել. նշվել է TRENDS Research & Advisory հետազոտական կենտրոնի վերլուծությունում։

Ինչպես նշվել է, 2024 թվականի հունվարի 15-ին Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր փուլ է նշանավորել երկկողմ հարաբերություններում: Փաստաթուղթը ներառում է մի շարք դրույթներ, թեև ամենահետաքրքիրը Վաշինգտոնի աջակցությունն է Հայաստանի սահմանային անվտանգության և նրա ռազմական կարողությունների բարձրացմանը: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա վերջինս ընդլայնել է իր քաղաքացիական մոնիթորինգային առաքելությունը Հայաստանում և նախաձեռնել է վիզաների ազատականացման գործընթաց Երևանի հետ։

Ըստ վերլուծության՝ Արևմուտքն ունի Հայաստանի հետ ավելի սերտ շփման գնալու իր պատճառները: Նախ՝ այն պատճառով, որ Երևանն այժմ ավելի ու ավելի է ձգտում դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը: Երևանի հետ հարաբերությունների առավել ընդլայնման ձևով Արևմուտքը հույս ունի մեծացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև անջրպետը: Հաշվարկը հիմնված է մաքուր աշխարհաքաղաքականության վրա: Մինչ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, ԵՄ-ը և ԱՄՆ-ն փորձում են խաթարել ռուսական ազդեցությունն այլուր: Երկրորդ՝ Վրաստանի և Արևմուտքի միջև բարդ հարաբերությունների պատճառով՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը Թբիլիսին այլևս չեն ընկալում որպես ռազմավարական գործընկեր։ Այդ առումով՝ Հայաստանը դիտարկվում է որպես Վրաստանին փոխարինող՝ նոր դերակատար, որի վրա Արևմուտքը ցանկանում է հիմնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Երրորդ՝ կա նաև հայկական սփյուռքի գործոնը։ Թեև հաճախ ուռճացված է, այնուամենայնիվ, Սփյուռքը կարևոր դերակատար է, երբ խոսքը վերաբերում է արևմտյան որոշ մայրաքաղաքներում կարծիքի փոփոխությանը: Վերջին, բայց ոչ պակաս կարևորը, Հայաստանը գնալով դիտվում է որպես միակ գոյատևող ժողովրդավարությունը տարածաշրջանում, որտեղ, արևմտյան տեսակետի համաձայն, ոչ ժողովրդավարական կառավարումը գերիշխող դիրք է գրավել:

Ընդգծվել է, որ Հայաստանի նորաստեղծ առանցքը գալիս է Մոսկվայի անվտանգության երաշխիքների նկատմամբ աճող դժգոհության ֆոնին։ Երևանի հիասթափությունը Ռուսաստանի ընկալվող անգործությունից, զուգորդված Հարավային Կովկասում Արևմուտքի ներգրավվածության աճով, արագացրել են այս արտաքին քաղաքական անցումը:

Չնայած այս զարգացումներին՝ Հայաստանը տնտեսապես և ռազմավարական առումով կապված է Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը հասկացրել է, որ Արևմուտքի հետ Հայաստանի խորացող կապերը դիտարկում է որպես աշխարհաքաղաքական դավաճանություն։ Մոսկվան կարող է օգտագործել տնտեսական լծակները՝ ճնշելու Երևանին, հատկապես հաշվի առնելով Հայաստանի առևտրային կախվածությունը ռուսական շուկայից։ Միևնույն ժամանակ՝ Բաքուն և Մոսկվան ավելի են մտերմացել, և չնայած երբեմն-երբեմն լարվածությանը, ինչի վկայությունն է ռուսական հրթիռներով ադրբեջանական ինքնաթիռի խոցումը, երկու երկրները կիսում են նույն տեսակետները, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին։ Միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանը կարող է մղել Ադրբեջանի հավակնությունները՝ ճնշում գործադրելու Հայաստանի վրա։
Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ միաժամանակ փորձարկելով ԵՄ-ի հետ ավելի խորը ինտեգրման իրագործելիությունը, բայց նաև մնալով Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն նախագծերում:

Երկարաժամկետ հեռանկարում ռուսական պատասխանի ռիսկը շարունակում է մնալ առանցքային մտահոգություն Երևանում: Հայաստանի ղեկավարությունը հստակ հասկանում է իր առանցքի սահմանները, և որ ԵԱՏՄին անդամակցությունը մեծապես ձեռնտու է երկրի տնտեսությանը։ Ավելին, Երևանում կա նաև հստակ ըմբռնում, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄին անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, քանի որ երկու բազմակողմ ինստիտուտները միմյանց բացառող են։ Այսպիսով՝ Հայաստանի ղեկավարությունը, ինչպես և ԵՄ պաշտոնյաները, պատրաստ են զարգացնել ՀայաստանԵՄ հարաբերություններն այնքանով, որքանով դա թույլ կտան իրավական և աշխարհաքաղաքական սահմանափակումները։

Տարածաշրջանային ավելի լայն դինամիկան նույնպես չի նպաստում Արևմուտքի հետ Հայաստանի ավելի սերտ աշխարհաքաղաքական կապերին: Միայն Ռուսաստանը չէ, որ խնդրահարույց է համարում Հայաստանի մղումը դեպի Արևմուտք։ Փաստորեն, Հայաստանի բոլոր հարևանները, թերևս բացառությամբ Վրաստանի, բացահայտորեն դեմ են ԵՄի ընդլայնմանը դեպի Հարավային Կովկաս։ Այդպիսի հզոր դերակատարներից է Իրանը։ Թեհրանի և Բաքվի միջև անվստահության պատճառով երկար ժամանակ դիտվելով որպես Հայաստանի դաշնակից՝ Իսլամական Հանրապետությունն այժմ փոխել է իր հաշվարկը և Հայաստանի առանցքը համարում է պոտենցիալ անհանգիստ: Իրանը Ռուսաստանի և Թուրքիայի պես Հարավային Կովկասը համարում է իր ազդեցության գոտում ընկած և, հետևաբար, տարածաշրջանում ցանկացած ոչ տարածաշրջանային դերակատարի ներկայությունն ընկալում է որպես իր հիմնական շահերին վնասող։ Նմանապես, ԱՄՆի հետ ռազմավարական գործընկերություն կնքելու Երևանի որոշումը հակասում է իր սահմանների երկայնքով բուֆերային գոտի կառուցելու Իսլամական Հանրապետության հիմնական հրամայականին՝ ԱՄՆի ազդեցությունը հեռու պահելու համար:

Կա նաև Թուրքիան, որը միշտ զգուշությամբ է հետևել արևմտյան ազդեցությանը Հարավային Կովկասում: Չնայած խորապես ինտեգրված լինելով եվրատլանտյան հանրությանը՝ Թուրքիան ունի իր սեփական շահերը, որոնք հաճախ չեն առնչվում այն ամենին, ինչ ԵՄը կամ ԱՄՆն հետապնդում են Հարավային Կովկասում:

Ադրբեջանը նույնպես զգուշությամբ և նույնիսկ որոշակի թշնամանքով է ընկալում Հայաստանի առանցքը: Բաքվի հարաբերություններն Արևմուտքի հետ զգալիորեն վատթարացել են այն բանից հետո, երբ Բաքուն գրավել է Լեռնային Ղարաբաղը, և հայ բնակչությունը լքել է այդ տարածքը:

Վրաստանը մնում է Հայաստանի միակ հարևանը, որը մեծ մասամբ անտարբեր է, թե Երևանն ի՞նչ ուղի կորդեգրի իր արտաքին քաղաքականության մեջ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրությունը՝ Եվրամիության հետ նրա ցամաքային կապն անցնում է Վրաստանով, հետևաբար, այն ինչ տեղի է ունենում Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ, խորապես կարևոր է Երևանի համար։

Ավելի կարևոր է, որ Հայաստանի արևմտյան առանցքն ընդգծում է կառուցվածքային փոփոխությունները Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ Երևանի և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի նկատմամբ: Ուկրաինայում իր պատերազմով Մոսկվայի զբաղվածությունը սահմանափակել է Ռուսաստանի հնարավորությունը՝ ազդեցություն գործադրելու իր անմիջական հարևանների կամ հեռավոր տարածքների վրա, որտեղ նա բազաներ է պահել:

Փոփոխություններ կան նաև այն հարցում, թե ինչպես է Ռուսաստանը մոտենում իր հարաբերություններին Վրաստանի և Ադրբեջանի հետ։ Հայռուսական հարաբերություններին մի հայացք նետելը ցույց է տալիս, որ Մոսկվան այլևս ի վիճակի չէ լինել տարածաշրջանի գլխավոր դերակատարը։

Այսպիսով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունն ավելի շատ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու փորձ է, քան՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջական խզում: Այն նաև արտացոլում է շատ ավելի լայն զարգացում. Ռուսաստանը վերադիրքավորվում է Հարավային Կովկասում՝ փորձելով պահպանել իր կեցվածքը՝ միաժամանակ ռազմականապես զբաղված լինելով այլուր:

Ռազմագերիներ