
Չնայած ՀՀ-ի վերջին շրջադարձին դեպի Արևմուտք՝ երկիրը ջերմ հարաբերություններ է պահպանում Թեհրանի հետ․ Euronews
Euronews–ն անդրադարձել է նախորդ շաբաթ տեղի ունեցած հայ–իրանական զորավարժություններին։ Ինչպես նշվել է, երկօրյա համատեղ զորավարժություններին մասնակցել են էլիտար ուժեր և ծանր սպառազինություն, ինչպես նաև դիպուկահար ստորաբաժանումներ։
Զորավարժություններն անցկացվել են անցյալ շաբաթ Իրանի և Հայաստանի 44 կիլոմետրանոց ընդհանուր սահմանի երկայնքով՝ ներառելով թե՛ թեթև, թե՛ ծանր զինատեսակներ։
Զորավարժությունների համար Թեհրանը ուղարկել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) էլիտար ուժեր, որոնք տեղակայված են Թավրիզում և վերահսկվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ Վալիոլլահ Մադանիի կողմից:
Իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ զորավարժություններն անցկացվել են «սահմանների անվտանգությունն ամրապնդելու համար՝ հիմնվելով երկու երկրների ընդհանուր շահերի վրա»: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը չի հայտնել ներգրավված զինվորականների թիվը։
«Համատեղ զորավարժությունները տեղի են ունենում Իրանի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող լարվածության ու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության ֆոնին: Թեհրանի վարչակարգը հայտնվել է բազմաթիվ հակամարտությունների մեջ՝ հովանավորելով և աջակցելով ՀԱՄԱՍ–ին Գազայում, Հեզբոլլահին Լիբանանում և հութիներին Եմենում: Միևնույն ժամանակ՝ նրան մեղադրում են ՌԴ–ին «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր տրամադրելու համար Ուկրաինայում շարունակվող լայնամասշտաբ ներխուժման ֆոնին», – գրել է Euronews-ը:
Նշվել է նաև, որ չնայած Հայաստանի վերջին շրջադարձին դեպի Արևմուտք, երկիրը ջերմ հարաբերություններ է պահպանում Թեհրանի հետ: Մինչդեռ հարավկովկասյան երկրի սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ են ավելի քան երեք տասնամյակ:
Հիշեցվել է, որ անցյալ ամիս և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հայտարարել են խաղաղության պայմանագրի տեքստում առաջընթացի մասին, որը վերջ կդնի իրենց մոտ չորս տասնամյակ տևած հակամարտությանը Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ: