16 Ապր
2025
12° c ԵՐԵՎԱՆ
-0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն կարող է կրկնակի կրճատել իր զորքերի թիվը Սիրիայում. Reuters

ԱՄՆ-ն կարող է կրկնակի կրճատել իր զորքերի թիվը Սիրիայում. Reuters

ԱՄՆ-ի բանակը պատրաստվում է կոնսիլիդացնել իր ներկայությունը Սիրիայում առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում. Reuters-ին հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ: Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ն կարող է կրկնակի կրճատել իր զորքերի թիվը երկրում:

Վաշինգտոնը մոտ 2000 ամերիկացի զինվորականներ ունի Սիրիայում մի շարք բազաներում՝ հիմնականում հյուսիս-արևելքում: Գործակալությունը նշել է, որ զորքերն աշխատում են տեղի ուժերի հետ՝ կանխելու «Իսլամական պետության» վերածնունդը, որը 2014 թվականին գրավել է Իրաքի և Սիրիայի մեծ տարածքներ, սակայն հետագայում հետ է շպրտվել:

Պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով, հայտնել է, որ Սիրիայում  ԱՄՆ զորքի թիվը կարող է հասնել 1000-ի։

Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա հաստատել է կրճատման ծրագիրը, սակայն նշել է, որ թվերի վերաբերյալ հստակություն չկա և թերահավատորեն է վերաբերվում այդ մասշտաբի նվազմանն այն ժամանակ, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բանակցություններ է վարում Իրանի հետ և ուժեր է հավաքում տարածաշրջանում:

Միացյալ Նահանգները վերջերս ուղարկել է ինքնաթիռներ, այդ թվում՝ B-2 ռմբակոծիչներ, «ռազմանավեր և հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Մերձավոր Արևելքն ամրապնդելու համար»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ Իրանը միտումնավոր հետաձգում է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիրը, և որ նա պետք է հրաժարվի միջուկային զենք ձեռք բերելու ցանկացած ձգտումից: Հակառակ դեպքում՝ ԱՄՆ հնարավոր է ռազմական հարված հասցնի Թեհրանի ատոմային օբյեկտներին:

Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ամբողջ աշխարհում ԱՄՆ ռազմական զորքերի գլոբալ վերանայում է իրականացնում:

ԱՄՆ-ը Սիրիային մարտին տվել է պայմանների ցուցակը, որոնք պետք է կատարվեն պատժամիջոցների մասնակի մեղմացման դիմաց, սակայն Թրամփի վարչակազմը քիչ շփումներ է ունեցել երկրի նոր կառավարիչների հետ:
Ynet հարթակի փոխանցմամբ՝ Իսրայելը նախկինում փորձել է կանխել նման որոշումը, սակայն չի հաջողվել։Այնուամենայնիվ, իսրայելական հետախուզության պաշտոնյաները շարունակում են ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա՝ ամերիկյան զորքերը Սիրիայում պահելու համար։

Ռազմագերիներ