
Սահմանամերձ գյուղերում նորից կրակոցներ են լսվել
Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի սահմանամերձ գյուղերի բնակիչներն այս գիշեր ևս կրակոցների ձայներ են լսել: Հայկական կողմին հրադադարը խախտելու համար մեղադրող Ադրբեջանը շարունակել է կրակել:
«Չեմ կարող ասել, որ թիրախը գյուղն է, որովհետև վնասներ չկան, բայց դիմացի դիրքերից արդեն 14 օր է կրակոցի ձայներ են լսվում»,-ABC media-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Մովսես գյուղի ղեկավար Արմեն Փոլադյանը։
Փոլադյանի խոսքով՝ գյուղացիներն արդեն սովորել են կրակոցներին, գյուղում խուճապ չկա։
Սյունիքի Խոզնավարում ևս կրակոցները լսելի են եղել: Համայնքի ղեկավար Վահրամ Զաքյանի խոսքով՝ այստեղ էլ են սովորել կրակոցներին, դրանք լսվում են հիմնականում գիշերները։
«Ինչպես միշտ՝ կրակոցներ լսվել են, թիրախային չէին, անկանոն էին։ Վնասներ չկան, բնակիչները լավ են»,-ասաց Զաքյանը։
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարը կրակոցի ձայներն անձամբ չի լսել, բայց բնակիչներըլ լսել են։
«Մեր մոտ արդեն մի քանի օր է՝ բուք ու բորան է, եթե կրակոցներ եղել են, ապա չեն լսվել դրա պատճառով»,-ասաց նա։