
ԱՄՆ-ն կարող է մինչև 245% մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա
ԱՄՆ-ի վարչակազմը կարող է 245%-ի չափով մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա՝ երկու երկրների միջև առևտրային լարվածության ֆոնին. հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
ԱՄՆ վարչակազմի հայտարարությունը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10% մաքսատուրքեր է սահմանել բոլոր երկրների վրա և անհատական բարձրացրել մաքսատուրքերն այն երկրների համար, «որոնց հետ ԱՄՆ-ն ունի ամենամեծ առևտրային դեֆիցիտը»։ Այս կերպ նախագահը ցանկանում է «հավասարեցնել խաղադաշտը և ապահովել Ամերիկայի ազգային անվտանգությունը»։
Ըստ Սպիտակ տան՝ աշխարհի ավելի քան 75 երկրներ «արդեն բանակցությունների մեջ են մտել» Վաշինգտոնի հետ՝ իրավիճակը կարգավորելու և «նոր առևտրային գործարքներ կնքելու համար»։
«Այս քննարկումների լույսի ներքո՝ առանձին մաքսատուրքերը կասեցվել են բոլոր երկրների համար, բացառությամբ Չինաստանի, որը հակադարձել է: Չինաստանի պատասխան գործողությունների արդյունքում՝ նա այժմ բախվում է մինչև 245% մաքսատուրքերի ԱՄՆ ներմուծման վրա», – նշվել է հայտարարության մեջ:
Սպիտակ տունը մանրամասներ չի հայտնել խստացման միջոցառումների ժամկետների կամ կոնֆիգուրացիայի մասին:
Միևևնույն ժամանակ Financial Times (FT) թերթը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, գրել է, որ Վաշինգտոնը մտադիր է պահպանել առանցքային մաքսատուրքերը Եվրամիության ապրանքների վրա նույնիսկ Բրյուսելի հետ առևտրային բանակցություններից հետո՝ ամերիկյան ընկերությունները և բիզնեսներն ԱՄՆ վերադարձնելու նպատակով։
Դիվանագետներից մեկը նշել է, որ Թրամփի վարչակազմում տիրող քաոսը դժվարացնում է հասկանալը, թե ո՞րն է «իրական քաղաքականությունը և որն է բանակցային մարտավարությունը»։ Նրա խոսքով՝ գործիքները «բավականին հաճախ են փոխվում»։
Դժվար է նաև հասկանալ, թե ո՞վ է իրականում որոշումներ կայացնում, և ո՞վ է պարզապես խոսում՝ չունենալով դրա իրավասությունը: «Լարվածության պահպանումը» օրինաչափություն է դարձել ամերիկյան վարչակազմի գործողություններում, հավելել է աղբյուրը։
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 185 երկրների և տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ 10% համընդհանուր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել ապրիլի 5-ից, անհատականները՝ ապրիլի 9-ից։ Միևնույն ժամանակ՝ ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել է, որ 90 օրով կասեցնում է մի շարք երկրների և տարածքների համար փոխադարձ հիմունքներով սահմանված լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը։ Սպիտակ տունը բացատրել է, որ դադարը կապված է առևտրային բանակցությունների հետ, որի ընթացքում կգործի «10% համընդհանուր սակագին»։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը բարձրացրել է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%, այնուհետև հասցրել դրանք 145%-ի։