
Փաշինյանին կհրավիրենք, չգա՝ մեր գործը կանենք. Վարդան Ղուկասյան
Առաջին քայլը լինելու է կադրային քայլը, պետք է որոշենք՝ ում հետ ենք աշխատելու. հայտարարել է Գյումրու նորընտրիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն՝ անդրադառնալով իր առաջին անելիքներին։
«Բոլոր թեկնածուներին հրավիրելու ենք քննարկումների։ Ծրագրերն ենք իրականացնելու, աշխատավարձն ենք բարձրացնելու, հասկանալու ենք՝ բյուջեն ոնց լցնենք, ես գիտեմ՝ ինչ սկզբունքով պետք է անենք։ Նիկոլի Փաշինյանին հրավիրելու ենք, եթե չգա, մենք մեր գործը կանենք։ Ես մտածում եմ՝ ՔՊ-ն էլ պետք է մասնակցի նիստերին, որովհետև մեր քաղաքի համար է, սա Ղուկասյան Վարդանի մասին չէ, քաղաքի ու բնակիչների խնդիրների մասին է։ Ինչ անեն՝ բնակչությանն են անելու»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ղուկասյանը։
Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի հետ հարաբերություններին՝ Ղուկասյանը նշել է, որ նրան ոխերիմ թշնամի չի համարում:
«Ես ոչ մեկի դուռը չեմ գնա, կապրեմ այնպես, ինչպես ընդդիմադիր քաղաքապետները։ Միայն սրբի դուռ եմ գնում։ Համերաշխությունն ու ներողամտությունն իմ զենքերն են»,-ասել է նա։
Ղուկասյանը վստահեցրել է՝ որևէ մեկից վրեժխնդիր չի լինելու։
«Իմ նման հավատով մարդը ի՞նչ վրեժխնդրություն պետք է ունենա։ Ես կսանձեմ բոլոր անօրինությունները»,-ասել է նա։
Ղուկասյանը մտավախություն չունի, որ որոշումներ ընդունելու համար Մարտուն Գրիգորյանի քաղաքական թիմից պիտի ձայների կարիք կունենա: «Ոնց ենք մինչ այս քննարկել, այդ ժամանակ էլ ենք քննարկումներ ունենալու։ Եթե որևէ քաղաքական ուժ իրեն սխալ պահի՝ ժողովուրդը համարժեք պատասխան կտա»,-ասել է Ղուկասյանը։