
Քաղաքապետարանը ֆինանսավորումը չի փոխանցել Պատանի հանդիսատեսի թատրոնին, աշխատավարձ չկա
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը, որի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել, տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում է տարածել:
Նշվում է, որ շուրջ 6 տարի Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող սուբսիդիայի պայմանագիրը կնքվել է անխոչընդոտ, իսկ 2025 թվականի քաղաքապետարանի կողմից առաջարկվող սուբսիդիայի պայմանագրի դրույթների հետ կապված թատրոնն ունի որոշակի դիտարկումների և ճշգրտումների կարիք, քանի որ առկա է փոփոխություն։
«Թատրոնի ղեկավար կազմը փորձել է ստանալ որոշակի ճշգրտումներ, պարզաբանումներ, սակայն ապարդյուն։ 2 ամիս շարունակ, խնդիրը բարձրաձայնելուն զուգահեռ՝ թատրոնի տնօրինությունը հնարավորություն է ունեցել աշխատակիցներին ապահովել աշխատավարձով։ Թեպետ ունենալով առարկություններ՝ ս/թ-ի մարտ 18-ին թատրոնի տնօրենն ի վերջո ստորագրեց քաղաքապետարանի կողմից տրամադրված սուբսիդիայի պայմանագիրը, այսկերպ ապահովելով թատրոնի բնականոն գործուներությունը և աշխատակիցներին չներգրավվելով և չծանրաբեռնելով ադմինիստրատիվ աշխատանքներում։ Ստորագրումից մինչ այսօր, թատրոնին չի տրամադրվել պայմանագրով սահմանված ֆինանսավորումը, որտեղից էլ պետք է փոխանցվեր նաև աշխատակիցների աշխատավարձը։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ մինչ այսօր թատրոնում չի խաթարվել ստեղծագործական աշխատանքը»,–հայտնել են թատրոնից։
Հիշեցնենք, որ այս տարի թատրոնը նշում է հիմնադրման 95- ամյակը։